Monday, November 17, 2014

Առանց խտրականության սեմինար Արմավիրում

Բավական չէ առողջ միտք ունենալ, կարևորը դրանից հմտորեն օգտվելն է:
                                                                                                                                                            Դեկարտ


Իրոք այդպես է. իմ նպատակներին հասնելու համար ես կիրառում եմ բոլոր միջոցները, որպեսզի հնարավորին չափ հմտորեն մոտենամ իմ կատարած յուրաքանչյուր աշխատանքին:

Ես Օժենի Ավետիսյանն եմ: Սիրում եմ դժվարություններ, բայց ավելի շատ սիրում եմ այդ դժվարությունները հաղթահարել: Հենց այդ պատճառով ես որոշեցի իմ սեմինարն անցկացնել նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ: Կարծում եմ, որ շատերն են խուսափում նման քայլ անելուց՝ մտածելով, որ դժվարությունների կհանդիպեն նրանց հետ շփվելիս: Բայց չէ՞ որ հաշմանդամություն ունեցողներն էլ են մարդիկ, ովքեր կարիք ունեն մասնակցելու նմանատիպ սեմինարների և իմանալու գենդերի, թրաֆիքինգի, բնապահպանության, առաջնորդության և իրենց իսկ իրավունքների և պարտականությունների մասին: Այսպիսով իմ սեմինարի մասնակիցներն էին և՛ հաշմանդամություն ունեցող, և՛ հաշմանդամություն չունեցող երիտասարդներ: Այս քայլով ես ցանկանում եմ կոտրել բոլոր կարծրատիպերը և սովորեցնել մարդկանց չկաշկանդվել և բաց լինել հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու համար

Սեմինարը տեղի ունեցավ <<Արևի Շող>> հ\կ-ի հարկի ներքո, որի կամավորն եմ ես: Սեմինարի մասնակիցներն էին <<Արևի Շող>>-ի շահառուները, ներկայացուցիչներ <<Հույսի կամուրջ>> հ\կ-ից ,<<Փարոս>> հ\կ-ից, ԵՊՀ-ի հոգեբանության բաժնի ուսանողներ և Արմավիր քաղաքի ակտիվ երիտասարդներ: Որպես քննարկման թեմա ընտրել էի <<Գենդերը և գենդերային հավասարություն>>: Մասնակիցները թեժ բանավեճի մեջ էին մտել և նույնիսկ սեմինարի ավարտից հետո դեռ բուռն քննարկումները չէին դադարում: Սեմինարի ընթացքում դիտեցինք տեսաֆիլմեր, խաղացինք <<գենդերային մասնագիտություններ>> խաղը, որը ես եմ այդպես անվանել: Ի դեպ, այս խաղը ես սովորել եմ ԳԼՕ ամառային դպրոցում: Խաղի ժամանակ մասնակիցները պետք է մի քանի րոպեի ընթացքում համապատասխանեցնեին մասնագիտություններն ըստ սեռերի: Այնուհետև մասնակիցները կատարեցին հոգեբանական թեստ <<Ես>> և <<Ես անձնևի ժամանակ>>, որը ավելի շատ վերաբեվում էր ինքնագնահատականին: Այս թեստը ես նույնպես սովորել եմ ԳԼՕի ընթացքում: Սեմինարի ժամանակ մասնակիցները անմիջական ներգրավածություն ցուցաբերեցին թիմային քննարկման ընթացքում, ինչը մեծապես նպաստեց նրանց ինքնաարտահայտմանը: Ես շատ ուրախ եմ, քանի որ իմ սպասելիքները լիովին արդարացան: Սեմինարի ավարտին մասնակիցները լրացրեցին իմ կազմած հարցաթերթը, որի շնորհիվ ինձ համար պարզ դարձավ իմ հաջորդ սեմինարի թեման: Սակայն փակագծերը չեմ բացում սպասեք իմ հաջորդ սեմինարին:

Օժենի Ավետիսյան, 16 տարեկան
ք. Արմավիր, Արմավիրի մարզ

Ինքնագնահատականի պարզում Վանաձորում



Բարև ձեզ: Ինչպե՞ս եք: Բոլորիդ շատ եմ կարոտել, և հուսով եմ, որ անպայման հանդիպելու ենք
Սեմինարի սկզբում ես ներկայացրեցի, թե ինչ է նշանակում արժեք և սեփական արժեքների գնահատական:
Լավ, հիմա անցնեմ բուն թեմային: Նոյեմբերի 6-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվ. թիվ 23 հիմնական դպրոցում ԱԽ նախագահի` այսինքն իմ նախաձեռնությամբ կազմակերպվեց սեմինար` <<Արժեքային համակարգ: Ինքնագնահատական>> թեմայով: Սեմինարի կազմակերպման հարցում իր մեծ ներդրումը ունեցավ ուսուցչական կազմը: Դպրոցի հոգեբան ընկեր Ղեվոնդյանը տրամադրեց թեստեր, որոնց միջոցով պարզեցինք մասնակիցների ինքնագնահատականի չափանիշը: Ի դեպ նշեմ, որ սեմինարին ներկա էին 8(ա) դասարանի աշակերտները, տնօրեն Տաթևիկ Հովսեփյանը, փոխտնօրենները և իհարկե տարբեր առարկաների ուսուցիչներ: Սեմինար- քննարկումը տեղի ունեցավ հասարակագիտության դասի շրջանակներում, դասարանի դասղեկ և հասարակագիտության ուսուցչուհի ընկեր Մկրտչյանի օգնությամբ:
Այնուհետև սկսվեց բուռն քննարկում: Քննարկմանը ակտիվ մասնակցում էին ոչ միային աշակերտները, այլ նաև ներկա ուսուցիչները: Ուսուցիչների նման ազատ և անմիջական շփումը ավելի էր սեմինարը հետաքրքիր և միաժամանակ ուսանելի դարձնում: Սեմինարի մնացած ժամանակը տրվեց թեստերին և թեստերի շուրջ քննարկմանը: Նոր տեղեկություններ հաղորդելը, ինքնագնահատականի բարձրացմանը նպատսելը, խոսքի ազատության սերմանումը և ինքնաճանաչումը իմ սեմինարի հիմնական նպատակներն էին: Կարևորում եմ նշել, որ այս սեմինարի միջոցով ես ավելի լավ սկսեցի ճանաչել ինքս ինձ: Կարծում եմ` իմ կազմակերպած սեմինարներից սա ամենահաջողվածն էր, և սեմինարի հաջողության գրավականը անմիջական, ուրախ, ազատ ուսուցիչ- աշակերտ շփումն եմ համարում:

Մարիամ Բարսեղյան, 13 տարեկան
ք. Վանաձոր, Լոռի

Thursday, October 2, 2014

Առաջնորդության բանաձևը Տաթևում

Եվ այսպես շարունակվում են իմ արկածները: Այսօր ես կազմակերպեցի իմ առաջին սեմինարը, որն անցավ շատ հաճելի և ուրախ միջավայրում: Սեմինարը կայացավ դպրոցում, ներկա էին 7-12-րդ դասարանների աղջինկերը, ինչպես նաև դպրոցի ուսուցիչներից: Սեմինարի թեման առաջնորդությունն էր, բայց մինչ այդ ես բոլոր ներկաներին պատմեցի ԳԼՕ-ի մասին, ասացի, թե ինչպես է ստեղծվել ու մուտք գործել Հայաստան: Բոլորն ուշադրությամբ լսում էին և նրանցից շատերն արդեն անհամբեր սպասում են, թե երբ պետք է նրանք հայտնվեն ԳԼՕ-ում: Դրանից հետո սկսեցի խոսել առաջնորդության մասին: Փորձում էի այնպես անել, որ յուրաքանչյուրը հասկանա, որ ամենքն էլ ունեն առաջնորդական հմտություններ ու կարողություններ, որ նրանցից ամեն մեկը կարող է լինել իսկական առաջնորդ: Սեմինարի ժամանակ ես ցուցադրեցի նկարներ առաջնորդության վերաբերյալ ու փորձեցի յուրովի մեկնաբանել դրանք: Կարծում եմ՝ ամեն ինչ ստացվել էր, համենայնդեպս տպավորությունները այդ մասին էին վկայում: Շատ ուրախացա, երբ սեմինարից հետո աղջիկները մոտենում էին, բարի և լավ խոսքեր շռայլում ինձ ու ասում, որ կցանկանան մի օր իրենք էլ կազմակերպել սեմինարներ և ուսուցանել երեխաներին այնպես` ինչպես ես, և նաև իմ հարազատ ուսուցիչները գովասանքի խոսքեր ասեցին ինձ: Թե՛ իմ ուսուցիչների, թե՛ աշակերտների խոսքերը ինձ համար ամեն ինչ էին նշանակում: Ես նրանց խոստացա ավելի շատ սեմինարներ կազմակերպել և իմ խորհուրդներով այնպես անել, որ յուրաքանչյուրը միշտ պայքարի այն ամենի համար, ինչին ցանկանում է հասնել: Հուսով եմ՝ ամեն ինչ ստացվեց: Ամենակարևորն այն է, որ այն արեցի ամբողջ հոգով ու սրտով, քանի որ համոզված էի, որ հոգուց բխած խոսքը հաստատ հոգուն էլ կհասնի: Եվ ես բոլորին խորհուրդ կտամ անկեղծ անել այն, ինչ անում են, որովհետև անկեղծ խոսքը վաղ թե ուշ կգտնի իր արձագանքը:

Անի Հարությունյան
Տաթև, Սյունիք