Wednesday, May 18, 2016

Ընդունվում են դիմումներ՝ ԱՐՔԱՆԵ 2016 ամառային դպրոց

ԱՐՔԱՆԵ-ն* (նախկին անվանումը` ԳԼՕ) Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնի  ծրագիրն է: 2008 թվականից ի վեր այս ամենամյա ծրագիրը հնարավորություն է ընձեռնում 13-ից 16 տարեկան հայ աղջիկներին զարգացնել իրենց առաջնորդության հմտությունները:
ԱՐՔԱՆԵ ծրագրի գլխավոր բաղկացուցիչն է ամենամյա ամառային դպրոցը, որի նպատակն է ինքնաճանաչման և ինքնազարգացման հնարավորություններ ընձեռել հայ աղջիկներին և զարգացնել նրանց առաջնորդության հմտությունները: Ամառային դպրոցի թեմաները ներառում են կարիերայի զարգացում, առողջ ապրելակերպ, գենդերային հարցեր, մարդու իրավունքներ, բնապահպանություն, թիմային աշխատանք, անձնական հմտությունների զարգացում, և ստեղծագործական մտքի ձևավորում:

*Արքանեն հայոց թագուհի էր` Վանի թագավորության թագավոր Արամեի կինը (մթա 859-844թթ):


ԱՐՔԱՆԵ 2016 ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ


Ամառային դպրոցը տեղի կունենա 2016թ․ հուլիսի 19-ից 25-ը Ստեփանավան քաղաքում: Պարապմունքները վարելու են հայ հմուտ դասընթացավարներ: Դասընթացն ամբողջությամբ իրականացվելու է հայերենով: Ծրագիրն անվճար է, կփոխհատուցվեն ճանապարհային և բնակության ծախսերը:

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
 Ամառային դպրոցին կմասնակցեն 44 մասնակիցներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից: Ծրագրին կարող են դիմել Հայաստանում բնակվող, 13-16 տարեկան աղջիկները, որոնք նախկինում չեն մասնակցել Արքանե/ԳԼՕ ծրագրին: Մասնակիցների դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 20-ը ներառյալ: Ընտրության արդյունքները կհայտարարվեն մինչև հուլիսի 4-ը: Մասնակիցների առցանց դիմումի հայտը կարող եք գտնել այստեղ։

ԿՐՏՍԵՐ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐ
Ամառային դպրոցում կներառվեն 4 կրտսեր դասընթացավարներ: Կրտսեր դասընթացավար դառնալու համար կարող են դիմել նախորդ տարիների Աղջիկների առաջնորդության ամառային դպրոց (նախկին՝ ԳԼՕ) ծրագրի մասնակիցները:  Կրտսեր դասընթացավարների դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 20-ը ներառյալ: Ընտրության արդյունքները կհայտարարվեն մինչև հուլիսի 4-ը: Կրտսեր դասընթացավարների առցանց դիմումի հայտը կարող եք լրացնել այստեղ։

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐ
Ամառային դպրոցի դասընթացավարների մրցույթին կարող են մասնակցել դասընթացավարի փորձ ու ցանկություն ունեցող անձիք։ Դասընթացավարների  նախապատրաստական դասընթացը կկայանա հուլիսի 8-10-ին, որին մասնակցելը պարտադիր պայման է
Ծրագիրն անվճար է, կփոխհատուցվեն ճանապարհային և Ստեփանավանում բնակվելու ծախսերը: Դասընթացավարի պաշտոնին դիմելու համար հարկավոր է լրացնել օնլայն հայտը, իսկ CV-ն ուղարկել arqane.syc@gmail.com էլ-հասցեին: Դիմելու վերջնաժամկետն է՝ հունիսի 17-ը ներառյալ:  Հունիսի 25-ից հետո նախնական փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն Skype հարցազրույցի:


Հարցերի դեպքում կարող եք գրել arqane.syc@gmail.com, կամ զանգահարել 093 844 764, Մանե Պապյանին:

ԱՐՔԱՆԵ ծրագրի մանրամասներին ծանոթացեք ԱՐՔԱՆԵ կայքում։

Լավագույն մենթորը

Կյանքում յուրաքանչյուրս ունենք լավ մենթորի կարիք, ով կլինի մեր կողքին, մեզ կուղղորդի, կտա ճիշտ խորհուրդներ` լավ ճանաչելով մեզ և մեր նպատակները: Արքանեն ինձ հնարավորություն տվեց գտնել փորձառու մենթոր, ով ինձ կուղղորդեր իր խորհուրդներով և կվստահեր ինձ: Այս մի քանի ամսվա հանդիպումները ինձ շատ ու շատ դրական լիցքեր ու հաճելի պահեր պարգևեցին, օգնեցին ինձ ավելի ու ավելի իրագործող ու զգոն լինել: Աշխատելով մենթորիս հետ` ես բացահայտեցի իմ թե ՛ վատ, և թե՛ լավ կողմերը, գտա ինձ հուզող հարցերի պատասխաններն ու հնարավորինս կարողացա կողմնորոշվել, կյանքում իմ քայլերն ու արարքները կշռադատել: Երբևէ չէի պատկերացնի, որ մենթի լինելը այսքան հաճելի ու կարևոր կլինի ինձ համար: Հիմա հասկանում եմ , որ լինելով մենթի՝ դու գտնում ես քո «ես»-ը, փորձում ես կառուցել քո աշխարհը, դառնալ հասարակության կարևոր մաս, դու կարողանում ես քո ձայնը լսելի դարձնել, ճիշտ կողմնորոշվել, ճիշտ մասնագիտություն ընտրել ու իրականացնել սպասելիքներդ: Մեզ բոլորիս էլ հաճախ պետք է գալիս մեկը, ով մեզ ճիշտ խորհուրդներ կտա, և ես կարծում եմ, որ իմ մենթորը թե՛ լավ մարդ էր, թե՛ լավ խորհրդատու և թե՛ մտերիմ ու գիտակից ընկեր, ում վստահելն ու հավատալը անարդյունք չէր մնա: Շնորհակալ եմ թե մենթորիս, և թե Արքանեին: Կարծում եմ լավ մենթի լինելու համար, նախ և առաջ պետք է վստահություն ու սեր ցուցաբերես քո անձի ու քո մենթորի հանդեպ:

Անահիտ Հակոբյան
ԱՐՔԱՆԵ 2016 շրջանավարտ

Ես ու ԱՐՔԱՆԵ-ն՝ մեկ տարի անց

Գրեթե մեկ տարի է անցել այն օրվանից , երբ այցելեցի Արքանե ամառային դպրոց: Հիշում եմ` մինչ գնալը ինչպիսի ոգևորությամբ էի հայտին սպասում և երազում հայտնվել Արքանեում: Արքանեն և այս մի քանի ամիսները ինձ լիովին փոխեցին: Արքանեն ինձ համար հաղթաթուղթ դարձավ, կարևոր ու առանձնահատուկ առավելություն,որն ինձ օգնեց ավելի վստահ ու նպատակասլաց լինել: Արքանեում թե որպես անհատականություն, թե որպես թիմի լիիրավ անդամ, ես նոր ձեռքբերումներ ու հմտություններ սովորեցի: Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուր դեռահասի համար սա իրոք մեծ հնարավորություն է կայանալու ու զարգանալու համար: Այս ամիսների ընթացքում կարողացա Արքանեի տված գիտելիքներիս պաշարը օգտագործել: Անչափ կարոտել եմ Արքանեին և այն բոլոր վառ ու լուսավոր կերպարներին, ում ամեն օր տեսնում էի և աշխատում նրանց հետ: Հիմա էլ, անկեղծ, նույն ոգևորությամբ ու խանդավառությամբ եմ սպասում Արքանե 2016-ին և նույնիսկ տխրում եմ, որ հնարավորություն չեմ ունենա որպես մասնակից ևս մեկ անգամ վայելել այդ 7 օրերը: Սակայնմեծ հույսեր ունեմ, որ որպես կրտսեր ջոկատավար կկարողանամ մի մասը կազմել այս ծրագրի: Վերջում կուզենամ նշել Արքանեից ստացած իմ ամենասիրելի տողերը «Մենք հավետ պատասխանատու ենք նրանց համար, ոււմ ընտելացրել ենք»:

Անահիտ Հակոբյան
ԱՐՔԱՆԵ 2016 շրջանավարտ