Wednesday, May 18, 2016

Լավագույն մենթորը

Կյանքում յուրաքանչյուրս ունենք լավ մենթորի կարիք, ով կլինի մեր կողքին, մեզ կուղղորդի, կտա ճիշտ խորհուրդներ` լավ ճանաչելով մեզ և մեր նպատակները: Արքանեն ինձ հնարավորություն տվեց գտնել փորձառու մենթոր, ով ինձ կուղղորդեր իր խորհուրդներով և կվստահեր ինձ: Այս մի քանի ամսվա հանդիպումները ինձ շատ ու շատ դրական լիցքեր ու հաճելի պահեր պարգևեցին, օգնեցին ինձ ավելի ու ավելի իրագործող ու զգոն լինել: Աշխատելով մենթորիս հետ` ես բացահայտեցի իմ թե ՛ վատ, և թե՛ լավ կողմերը, գտա ինձ հուզող հարցերի պատասխաններն ու հնարավորինս կարողացա կողմնորոշվել, կյանքում իմ քայլերն ու արարքները կշռադատել: Երբևէ չէի պատկերացնի, որ մենթի լինելը այսքան հաճելի ու կարևոր կլինի ինձ համար: Հիմա հասկանում եմ , որ լինելով մենթի՝ դու գտնում ես քո «ես»-ը, փորձում ես կառուցել քո աշխարհը, դառնալ հասարակության կարևոր մաս, դու կարողանում ես քո ձայնը լսելի դարձնել, ճիշտ կողմնորոշվել, ճիշտ մասնագիտություն ընտրել ու իրականացնել սպասելիքներդ: Մեզ բոլորիս էլ հաճախ պետք է գալիս մեկը, ով մեզ ճիշտ խորհուրդներ կտա, և ես կարծում եմ, որ իմ մենթորը թե՛ լավ մարդ էր, թե՛ լավ խորհրդատու և թե՛ մտերիմ ու գիտակից ընկեր, ում վստահելն ու հավատալը անարդյունք չէր մնա: Շնորհակալ եմ թե մենթորիս, և թե Արքանեին: Կարծում եմ լավ մենթի լինելու համար, նախ և առաջ պետք է վստահություն ու սեր ցուցաբերես քո անձի ու քո մենթորի հանդեպ:

Անահիտ Հակոբյան
ԱՐՔԱՆԵ 2016 շրջանավարտ

Ես ու ԱՐՔԱՆԵ-ն՝ մեկ տարի անց

Գրեթե մեկ տարի է անցել այն օրվանից , երբ այցելեցի Արքանե ամառային դպրոց: Հիշում եմ` մինչ գնալը ինչպիսի ոգևորությամբ էի հայտին սպասում և երազում հայտնվել Արքանեում: Արքանեն և այս մի քանի ամիսները ինձ լիովին փոխեցին: Արքանեն ինձ համար հաղթաթուղթ դարձավ, կարևոր ու առանձնահատուկ առավելություն,որն ինձ օգնեց ավելի վստահ ու նպատակասլաց լինել: Արքանեում թե որպես անհատականություն, թե որպես թիմի լիիրավ անդամ, ես նոր ձեռքբերումներ ու հմտություններ սովորեցի: Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուր դեռահասի համար սա իրոք մեծ հնարավորություն է կայանալու ու զարգանալու համար: Այս ամիսների ընթացքում կարողացա Արքանեի տված գիտելիքներիս պաշարը օգտագործել: Անչափ կարոտել եմ Արքանեին և այն բոլոր վառ ու լուսավոր կերպարներին, ում ամեն օր տեսնում էի և աշխատում նրանց հետ: Հիմա էլ, անկեղծ, նույն ոգևորությամբ ու խանդավառությամբ եմ սպասում Արքանե 2016-ին և նույնիսկ տխրում եմ, որ հնարավորություն չեմ ունենա որպես մասնակից ևս մեկ անգամ վայելել այդ 7 օրերը: Սակայնմեծ հույսեր ունեմ, որ որպես կրտսեր ջոկատավար կկարողանամ մի մասը կազմել այս ծրագրի: Վերջում կուզենամ նշել Արքանեից ստացած իմ ամենասիրելի տողերը «Մենք հավետ պատասխանատու ենք նրանց համար, ոււմ ընտելացրել ենք»:

Անահիտ Հակոբյան
ԱՐՔԱՆԵ 2016 շրջանավարտ