Thursday, October 2, 2014

Առաջնորդության բանաձևը Տաթևում

Եվ այսպես շարունակվում են իմ արկածները: Այսօր ես կազմակերպեցի իմ առաջին սեմինարը, որն անցավ շատ հաճելի և ուրախ միջավայրում: Սեմինարը կայացավ դպրոցում, ներկա էին 7-12-րդ դասարանների աղջինկերը, ինչպես նաև դպրոցի ուսուցիչներից: Սեմինարի թեման առաջնորդությունն էր, բայց մինչ այդ ես բոլոր ներկաներին պատմեցի ԳԼՕ-ի մասին, ասացի, թե ինչպես է ստեղծվել ու մուտք գործել Հայաստան: Բոլորն ուշադրությամբ լսում էին և նրանցից շատերն արդեն անհամբեր սպասում են, թե երբ պետք է նրանք հայտնվեն ԳԼՕ-ում: Դրանից հետո սկսեցի խոսել առաջնորդության մասին: Փորձում էի այնպես անել, որ յուրաքանչյուրը հասկանա, որ ամենքն էլ ունեն առաջնորդական հմտություններ ու կարողություններ, որ նրանցից ամեն մեկը կարող է լինել իսկական առաջնորդ: Սեմինարի ժամանակ ես ցուցադրեցի նկարներ առաջնորդության վերաբերյալ ու փորձեցի յուրովի մեկնաբանել դրանք: Կարծում եմ՝ ամեն ինչ ստացվել էր, համենայնդեպս տպավորությունները այդ մասին էին վկայում: Շատ ուրախացա, երբ սեմինարից հետո աղջիկները մոտենում էին, բարի և լավ խոսքեր շռայլում ինձ ու ասում, որ կցանկանան մի օր իրենք էլ կազմակերպել սեմինարներ և ուսուցանել երեխաներին այնպես` ինչպես ես, և նաև իմ հարազատ ուսուցիչները գովասանքի խոսքեր ասեցին ինձ: Թե՛ իմ ուսուցիչների, թե՛ աշակերտների խոսքերը ինձ համար ամեն ինչ էին նշանակում: Ես նրանց խոստացա ավելի շատ սեմինարներ կազմակերպել և իմ խորհուրդներով այնպես անել, որ յուրաքանչյուրը միշտ պայքարի այն ամենի համար, ինչին ցանկանում է հասնել: Հուսով եմ՝ ամեն ինչ ստացվեց: Ամենակարևորն այն է, որ այն արեցի ամբողջ հոգով ու սրտով, քանի որ համոզված էի, որ հոգուց բխած խոսքը հաստատ հոգուն էլ կհասնի: Եվ ես բոլորին խորհուրդ կտամ անկեղծ անել այն, ինչ անում են, որովհետև անկեղծ խոսքը վաղ թե ուշ կգտնի իր արձագանքը:

Անի Հարությունյան
Տաթև, Սյունիք