Monday, July 29, 2013

Ես հարուստ եմ…

յուրաքանչյուրս ունի իր դիմակը..
Դուք երբևէ զգացե՞լ եք երկար փնտրտուքներից հետո բաղձալի նպատակին հասնելու հաճույքը: Այդ անփոխարինելի զգացումը, երբ դու գտել ես գանձ, որը քոնն է, քոնն է հավերժ: Դու հարուստ ես, անսահման հարուստ:
: )
Կա մի հոգեբանական թեստ` պարզելու, թե որն է քո կյանքի նպատակը: Թղթի վրա գրում ես այն ամենը, ինչ ուզում ես անել, ցանկացած բան, որ անցնում է քո մտքով: Հետո սկսում ես կարդալ և ջնջել նրանք, որոնք կարծում ես` այդքան էլ կարևոր չեն: Եվ հանկարծ գտնում ես այն միակին, որը կարդալիս հոգիդ ցնցվում է, ինչ-որ բան քո ներսում սեղմում է. դու գտել ես:
Լինելով ջոկատավար ԳԼՕ ամառային դպրոցում արդեն երկրորդ անգամ` ես ապացուցում եմ ինքս ինձ, որ ես իզուր չեմ ապրում, որ ես կարող եմ փոխել ինչ-որ մեկի կյանքը, դարձնել ավելի լավը… չէ՞ որ մենք հենց դրա համար ենք ապրում…
Չգիտես` ինչու, հիշեցի Ձեն բուդդիստական առակներից մեկը…
«Հաղթանակ» շշնջալով` բարձրացա բեմ:
 Երբ հաղթեցի, տխրեցի, որ
աշխարհը մեկ հաղթանակով պակասեց... Լ.Ե.
Ուսուցչի համար վրա հասավ աշակերտներին ստուգելու ժամանակը: Նա կանչեց երեքին, վերցրեց սպիտակ թղթի մի էջ, դրա վրա թանաք կաթեցրեց ու ասաց.
- Դուք ի՞նչ եք տեսնում:
Առաջինը պատասխանեց. «Սեւ կետ»: Երկրորդը. «Բիծ»: Երրորդը. «Թանաք»:
Վանականն արտասվեց ու գնաց իր խուցը:
Ավելի ուշ աշակերտները հարցրեցին.
- Դուք ինչո՞ւ արտասվեցիք:
Վանականն ասաց.
- Ձեզանից ոչ մեկը չտեսավ սպիտակ թուղթը:
Հաճախ մենք ապրում ենք միայն թանաքում` չնկատելով կյանքի ճերմակ պարզությունը. երջանիկ լինել մեր ստեղծածով…

Մանե Պապյան
ԳԼՕ ջոկատավար

Thursday, July 25, 2013

Ավարտվեց ամառային հեքիաթը… (ԳԼՕ ջոկատավար)



Ավարտվեց ամառային հեքիաթը… հեքիաթ, որն ամեն տարին անցկացվում է նոր գույնով, սցենարով ու հերոսներով: Այս տարի ԳԼՕ հեքիաթի գլխավոր հերոսներն էին 40 աղջիկներ, Հայաստանի տարբեր շրջաններից, ովքեր հավաքվել էին ճանաչելու աշխարհի ամենախորհրդավոր մարդուն` իրենք իրենց, բացահայտելու այդ մարդու հնարավորություններն ու ամրապնդել հավատը, որ կարող են կառուցել իրենց աշխարհը, փոխել և գեղեցկացնել այն, լինել իրազեկ և պաշտպանված, չվախենալ անհասանելի թվացեղ երազանքներից ու դժվարություններից, ունենալ բարձր նպատակներ և գնալ դրանց իրականացման ճանապարհով: 
Անչափ ուրախ եմ, որ այս տարի երկար սպասումից հետո հնարավոր եղավ մասնակիցը դառնալ ԳԼՕ վառվռուն հեքիաթի, իմ սերն ու էներգիան փոխանցել աղջիկներին և ստանալ փոխադարձ ջերմություն ու վստահություն: Աննկարագրելի հաճույք էր, լինել ջոկատավար և աշխատել այդքան տարբեր, տաղանդավոր ու հետաքրքիր աղջիկների հետ: Օրերը շատ հագեցած էին անցնում, բայց երբեք չէինք հոգնում աշխատել. նրանց հետ ամեն պահն էր հետաքրքիր:
Զգացողություններն աննկարագրելի էին, երբ օր օրի նկատում էինք աղջիկների ոգևորությունն ու ինքնաբացահայտման արդյունքները. նրանք ավելի համաձակ էին դառնում իրենց գաղափարներում, իսկ դրանք այնքան տարբեր էին, որ ամեն պահի մենք հնարավորություն էինք ունենում հաճելիորեն զարմանալու և անկասկած սովորելու նրանցից:  

Այսքանից հետո կարելի է ասել. «Հեքիաթը բնավ էլ չավարտվեց, այլ սկսվեց նոր գաղափարներով ու նպատակներով կյանքի ուղին, որը պետք է դարձնենք հեքիաթային…» 




Լիլիթ Մխիթարյան
ԳԼՕ 2013 ամառային դպրոցի ջոկատավար 

Wednesday, July 17, 2013

ՆԱՄԱԿ ԻՆՔՍ ԻՆՁ









Իր վերջն ունի ամեն հեքիաթ... պարզապես երկնքից չի ընկնում երեք խնձորայլ ավելին` երկնքից անձրևում են երազներ, երազներ, որ իրականանալու են մեր ԳԼՕ-ականների շնորհիվ:

Վերջին անգամ մի մեծ շրջան կազմելով, նայելով մի շաբաթվա կամ մի ամբողջ կյանքի հին ու նոր ընկերներին` ԳԼՕ-ականներն իրենց յուրօրինակ երդումը տվեցին միմյանց` հիշելով ամառային դպրոցի յուրաքանչյուր ակնթարթը... ձեռքին` թելի յուրաքանչյուր պտույտ անելով պայծառ օրերից շատրվանում են հուշեր: 








ԱՌԱՋԻՆ ՕՐ... նոր դեմքեր, ծանոթություններ, խաղեր, որոնք մտերմացրին մեզ բոլորիս
ԵՐԿՐՈՐԴ ՕՐ... քայլեր, դասեր, որոնցով ստեղծեցինք մեր թիմը:
ԵՐՐՈՐԴ ՕՐ... խաղեր, որոնցով բացահայտեցինք ինքներս մեզ:
ՉՈՐՐՈՐԴ ՕՐ.. ամենաբարդ, բայց և նույնքան հետաքրքիր. տեղեկություններ տարբեր տեսակ... ինչքան բան կար, որ չգիտեինք:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՕՐ... ծանոթություն մեր ապագայի հետ, պետք է շարժվել առաջ դեպի ինքնակատարելագործում: Իսկ երեկոյան ուրախություն, պար ու ծիծաղ:
ՎԵՑԵՐՈՐԴ ՕՐ... ինչպես ասում են, մի տխրիր, որ ինչ-որ բան վերջացել է, ուրախացիր, որ դա եղել է քո կյանքում: 



Մենք արդեն այստեղ անելիք չունենք. ԳԼՕ-ականները նամակ են գրում իրենց կյանքի ամենակարևոր մարդուն, ումից որ կախված է իրենց ապագան` ԻՐԵՆՑ: Սակայն արդեն իրենք չեն ստանա, այլ այն ապագայի աղջիկը, որ կդառնան:

Tuesday, July 16, 2013

Բանաստեղծություն ԳԼՕ ամառային դպրոցի մասին



Երկա՜ր, երկա՜ր ճանապարհ էր,
Հետո հոգնած-ջարդված ոտքեր:

Ճամբարային առօրյայի
Մեր առաջին օրն էր սկսվել:

Ծանոթություն, նոր ընկերներ
Նոր բարբառներ և նոր մտքեր,
Մեր ճամբարի խաղաղ օրը
Մեզ համար խնջույք է դարձել:
Գիշերը մեր կատակների
Վարակիչ ծիծաղն էր լսվում
Առավոտյան մեր դեմքերի
Քիչ քնած ժպիտն էր խոսում:

Խաղում էինք, ուրախանում,
Խաղալուց նաև ձախողվում
Բայց մեր թիմը կառուցված էր,
Օգնությունը միշտ պատրաստ էր:


Ե՛վ գոռում էին, և՛ թռվռում,
Աշխուժանում, նաև երգում:
2-րդ ճամբարային օրը
Մեզ օգնեց, որ զգանք նորը:
Ու էլի նոր աշխուժությամբ
Մենք պառկեցինք, բայց քնեցի՞նք…
Մտորումներ, նոր կարծիքներ,
Փոփոխվեցինք այս մեկ օրում:
Առավոյան նոր ապրումներ
Եվ էլի նոր, հինը չկար,
Հնի, նորի մեծ արանքում
Մեր գեղեցիկ պարն էր, որ կար:

3-րդ օրն էր, 3-րդ դասը,
3-րդ նորը, 3-րդ դողը:
Թե՛ անհանգիստ և թե՛ ուրախ
Աչքերի մեջ փայլող կայծ կար:
Մեր խաղերն էր ու մեր ճիչը
Ուրախության, վերագտման:
Մենք դարձանք թիմ, դարձանք կորիզ,
Կառուցվեցինք որպես բջիջ:

Ու էլի նոր փորձություններ,
Նոր կարծիքներ, նաև՝ վեճեր
Բայց այդ նորը, հենց այդ նորը,
Մեզ ստիպում էր հիշել միայն
Մեր սիրելի, տաղանդավոր
Եվ նորաստեղծ այդ նոր նորը:

Ծաղրածուն էր, մենք էլ էինք,
Մեր իսկ ստեղծած պատմությունն էր,
Եվ մեր նոր պատմության սկզբում,
Մեր ծաղրածուն մատն էր տնկում:

Չըխկ, սա չիզ էր` նկարվեցինք,
Նոր ժպիտներ փոխանցեցինք,
Գուաշներ և ներկված մազեր,
Մեզ ժպտացող կարմիր թշեր:
Էլի երազ, էլի հուշեր,
Նոր սովորած գիտելիքներ,
Մեր հեքիաթների ավարտին
2 օր էլ դեռ կսպասենք:

4-րդ օրը, ու էլի նոր, էլի նորը,
Սիրեցինք մենք այդ նոր նորը,
Քննարկեցինք, հարցրեցինք
Ու նոր պատասխաններ ստացանք:
Ինֆորմացիայի բաժինը
Լցվեց, ինչպես մեծ դասարան:
Բայց այդ նորը, նորից սկսեց
Եվ չթողեց, որ ձանձրանանք
Ու ուրախ էին աչքերը,
Թեկուզ ծաղրածուն էլ չկար:
5-րդ օր... էս ի՜նչ խառն ենք
Իսկապես շատ լավ է այսօր
Նոր է ամեն արած քայլը,
Բայց հնինն է մեր մեծ խումբը:

Եվ հիմա մենք էլի այստեղ,
Նստած մեծ խնջույք ենք անում,
Գիտակցելով, որ էլի նոր,
Հնին մոտիկ բան է սկսվում:

6-րդ օր, չգաս հանկարծ
Թող վայելեմ այս պահը սպասված:



Հեղինակ՝ Լուսինե Պողոսյան
ԳԼՕ ամառային դպրոց 2013 մասնակից
գյուղ Տաթև, Սյունիքի մարզ

Wednesday, July 3, 2013

Օր երրորդ. Դու կարող ես



Բացահայտելով ինքներս մեզ` մենք բացահայտում ենք աշխարհը: Այսօր ԳԼՕ-ականները հայտնագործեցին ԳԼՕ աշխարհը` անցնելով չորս քայլ:
Հը՞, ուզո՞ւմ եք իմանալ այդ չորս քայլերը, դե ուրեմն արագ, ախր ԳԼՕ-ականներն իրենց խմբերով վազում են մեկ այս, մեկ այն ջոկատավարի մոտ, որոնք տարբեր փորձություններ են պատրաստել նրանց համար:
Մի վայրում ԳԼՕ-ականներն անցնում են վտանգավոր թունել դարձած օղակների միջով, մյուսում`կրակե օղակներ դարձած ցանցի միջով, մեկ այլ վայրում նրանք փորձում են ջուր հասցնել իրենց կրկեսի կենդանիներին, մյուսում էլ հենց իրենք են «վտանգվում»` քայլելով թունավոր ջրով շնաձկների օգնությամբ:
Հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ թիմի ձևավորման համար ԳԼՕ-ականները սովորեցին 5 մատի սկզբունքը:
Առաջնորդ, թե կատարող, նվաճող, թե հոգատար... Նրանցից յուրաքանչյուրը պարզեց իր դերը թիմում:
Խուսափե՞լ կոնֆլիկտից, թե՞ գնալ նրան դեմ-հանդիման, կարևորել խնդիրը, թե մարդկային հարաբերությունները, ԳԼՕ-ականները գտան իրենց տեղը ցանկացած կոնֆլիկտի լուծման հարցում:
Այժմ ժամանակն է, որ դուք ծանոթանաք կրտսեր ջոկատավարների հետ: Հա-հա, ես չէի պատմել Ձեզ նրանց մասին, քանի որ ցանկանում էի ներակայացնել նրանց «աստղային» օրը: Մեր չորս աղջիկները` Անահիտը, Մերին, Անուշը և էլի Անահիտը, այսօր առավոտից անհանգիստ էին. նրանք պատրաստում էին «Հասակակցի կրթություն» դասընթացի կարևորությունը: ԳԼՕ ամառային դպրոցը չի տևում մեկ շաբաթ. այն հնարավորություն է տալիս աղջիկներին շարժել թևերը և գույնզգույն երազներով հյուսված թիթեռնիկի նման սավառնել արևի շողերի ներքո:
Այն ԳԼՕ-ականները, որոնք ամբողջ տարվա ընթացքում աչքի կընկնեն իրենց ակտիվությամբ, նրանք հնարավորություն կստանան ևս մեկ անգամ մասնակից դառնալ ԳԼՕ աշխարհին, բայց արդեն որպես կրտսեր ջոկատավար:
«Դու կարող ես»,- սա էր կրտսեր ջոկատավարների նշանաբանը, որը նրանք վերցրել են նախորդ տարիների մասնակիցներից և այժմ փոխանցեցին այս տարվա ԳԼՕ-ականներին:
Իսկ եթե մեկը երեկոյան անցներ ԳԼՕ ամառային դպրոցի հանգտյան տան կողքով, ապա առանց կասկածելու կարող եք խոստովանել. Հայաստանում հանդիպում են թափառաշրջիկ կրկեսներ: Պար, երգ, արտասանություն, ֆոկուս-մոկուս և իհարկե (էլ ի՞նչ կրկես` առանց նրանց) ծաղրածուներ:




















Կրտսեր ջոկատավարները «կրկեսի» վերջում անակնկալ էին պատրատել ԳԼՕ-ականների համար. «Թիթեռնիկ» կրկես» կարճամետրաժ ֆիլմի դիտումը, որը ևս մեկ անգամ հաստատեց. «ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ»: