Sunday, May 24, 2015

Իրազեկումը միակ միջոցն է

Մայիսյան բույրով ողողված քա՜ղցր բարևներ բոլորին: Կարոտել եմ ձեզ շաաատ: Ինչպե՞ս եք:
...Ես վերջապես իրականացրի այդքա՜ն կարևոր ու սպասված գործերից մեկը. իմ համայնքում մայիսի 11-ին սեմինար կազմակերպեցի: Սեմինարի թեման թրաֆիքինգն էր՝ ողջ մարդկությանը հուզող ու վերաբերող, արդիական դարձած խնդիրներից մեկը: Սեմինարին մասնակցում էին բարձր դասարանի աշակերտները՝ երկու տասնմեկերորդ ու երկու տասներկուերորդ դասարանցիները, ուսուցիչներ:
Նախքան քննարկումներին անցնելը՝ մասնակիցներին ներկայացրի և տեղեկացրի GLOW ամառային դպրոցի մասին, և թե ինչպես կարող են աղջիկները դիմել այդ ծրագրին:
Սեմինարը կազմված էր շնորհանդեսից, հարց-պատասխաններից, ֆիլմերի դիտում-քննար­կումներից: Աշակերտները կարողացան իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ
քննարկումներին, կարծիքներ հայտնել, և որ ամենակարևորն է, վերջում կարողացան ներկայացնել  բոլոր միջոցներն ու քայլերը, որոնց շնորհիվ հնարավոր է նվազեցնել թրաֆիքինգի զոհ դառնալու ռիսկը: Ի վերջո, յուրաքանչյուր խնդրի դեմ պայքարելու գլխավոր զենքը իրազեկումն է: Եթե տեղեկացված ենք, ուրեմն՝ զինված ենք, եթե տեղեկացված ենք, ուրեմն՝ պաշտպանված ենք: Սեմինարը հետաքրքիր ավարտելու համար խաղի տեսքով արեցինք նաև «Ես» և «Ես անձրևի ժամանակ» հոգեբանական թեստը: Ես փորձեցի մեկնաբանել նկարները և գտնել նկարների հեղինակներին:
Վերջում բոլոր մասնակիցներին բաժանվեցին մասնակցության թերթիկներ, որոնց մեջ լրացնելու էին նաև այդ օրվանից ստացած տպավորություններն ու նոր գիտելիքները, իսկ ավելի ակտիվներին՝ նաև փոքրիկ անակնկալների տեսքով նկարներ՝ նկարված իմ իսկ ձեռքով Սեմինարի կայացման համար խորին շնորհակալությունս եմ հայտնում N2 դպրոցի տնօրենին և բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցել են մյուս գործերում:

Արմինե Գասպարյան
17
տարեկան
Գեղարքունիքի մարզ, 
գյուղ Վերին Գետաշեն

Ուշ լինի, նուշ լինի

Սեմիար Արտենի համայնքում...
Բլոգիս վերնագիրը կոչվում է ուշ լինի, նուշ լինի, քանի որ այս սեմինարը ես անցկացրի փետրվար ամսին, իսկ ինչ-ինչ պատճառներով ձեր դատին հանձնվեց մայիսին:
Փետրվարի 20: Շաա՜տ ցուրտ, բայց հիշարժան օր իմ և իմ հասակակից համագյու­ղացիների համար:
Այդ օրվան երկար էի սպասել և ես: Սեմինարիս թեմաներն էին <<Արժեքային համակարգ>> և <<Ինքնագնահատում>>: Ես ընտրել էի 11-ից 16 տարեկաններին, քանի որ նրանք կազմում էին այս թեմաների խոցելի խմբերը: Նախ խաղերի միջոցով բացահայտեցի աշակերտների՝ դեպի իրենց անձն ունեցած դրական և բացասական ինքնագնահատականը, այնուհետև սլայդների միջոցով բացատրեցի դրական և բացասական ինքնագնահատականների ստեղծումը: Ընթերցեցի <<Երեք գորտեր>>-ի պատմությունը, վերջում լսեցի ամեն մեկի սուբյեկտիվ կարծիքը պատմության մասին: Այդ վարժությունը ավարտեցի թեստով, ըստ որի՝ հանձնարարեցի թղթիկների վրա գրել 10 նախադասություն յուրաքանչյուրի մասին:

Սեմինարիս բուն թեման, սակայն, կրում էր <<Կոնֆլիկտներ>> ենթավերնագիրը: Բացատրեցի կոնֆլիկտների առաջացման պատճառները, կոնֆլիկտների տեսակները և արձագանքելու ոճերը: Ինչպես բոլոր թեմաները, <<Կոնֆլիկտ>> թեման նույնպես ունեցավ թեստ, որը կոչվում էր <<Իմ արձագանքը կոնֆլիկտային իրավիճակում>>: Ամփոփելով թեստի պատասխանները՝ եզրափակեցի իմ սեմինարը (մի փոքր հյուրասիրությամբ):

Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել կրտսեր ջոկատավար Ռոզա Թադևոսյանին՝ ամեն պարագայում ինձ ձեռք մեկնելու, երեխաներին <<Գորտերի պատմություն>>-ը մեկնաբանելու և մասնակից երեխաներին GLOW Աղջիկների Առաջնորդության և Զարգացման Ծրագրի մասին տեղեկացնելու համար, և <<Հայաստանի մանուկներ հիմնադրամ>>-ից (COAF) Նունե Սահակյանին կամավոր կերպով ինձ օգնելու համար:

Վանուհի Խաչատրյան
16 տարեկան
Արմավիրի մարզ,
գյուղ Արտենի