Saturday, May 7, 2016

Բնապահպանական դասընթաց անտառում


Արքանե ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցույթի առաջին փուլին ներկայացա «Բնապահպանական դասընթաց անտառում» ծրագրով։ 
Ծրագիրը մի քանի անգամ հետաձգվեց եղանակային պայմանների պատճառով, սակայն մայիսի 7-ին վերջապես կարողացա  իրականացնել դասընթացը։ Առավոտյան ուրախ տրամադրությամբ գնացինք  գյուղի մոտակայքում գտնվող աղբյուր, որտեղ էլ իրականացրի ծրագիրը։ Սկզբում երեխաներին պատմեցի «Արքանեի» մասին ու  ծանոթացրի դրամաշնորհային ծրագրին։ Այնուհետև սկսեցինք քննարկել բնության կարևորությունն ու դերը մարդու կյանքում։ Քննարկման  արդյունքում տվեցինք բնության սահմանումը։ Այնուհետև խոսեցինք Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին ու դասակարգեցինք դրանք։ Ունեցանք նաև բուռն բանավեճ անտառահատումների վերաբերյալ, գտանք  որոշ լուծումներ անտառահատման ծավալների փոքրացման համար։ Խաղացինք  նաև հետաքրքիր խաղ ծառատեսակների գուշակման վերաբերյալ և ճանաչեցինք մեր շրջապատի ծառերի օգտակար հատկանիշները։ Ամենի ինչ ստացվեց, բոլորս ստացանք մեծ բավականություն։ 

Սեդա Մխիթարյան
ԱՐՔԱՆԵ 2015 շրջանավարտ 





Friday, May 6, 2016

Սպորտային գույքի տրամադրում դպրոցին

Մայիսի 3-ին իրականացրեցի իմ 2-րդ դրամաշնորհային ծրագիրը՝ սպորտային գույքի տրամադրում դպրոցին։
Ուսուցիչները, երեխաները, տնօրենը շատ ուրախացան այս փոքրիկ նվերից։ Սա առիթ հանդիսացավ Արքանեի մասին տեղեկացնելու աշակերտներին և շատերը մասնակցության ցանկություն հայտնեցին։

Ինեսա Զոհրաբյան
ԱՐՔԱՆԵ 2015 շրջանավարտ





Մենթորը՝ անհատի զարգացման ու կայացման համար



ԱՐՔԱՆԵ` ծրագիր որը ինձ տվեց բազում հաճելի պահեր ինչպես ամռանը` դպրոցի ընթացքում, այնպես էլ բուն ծրագրից հետո: Այս պահերը ինձ պարգևեց նաև մենթորությունը և մենթորս:
Երբ ես դեռ ամառային դպրոցում էի, առհասարակ պատկերացում չունեի, թե ով է լինելու իմ մենթորը, և ես երկար փնտրտուքների մեջ էի: Եվ ահա հանկարծ իմանում եմ, որ մենք ունենք նոր անգլերենի ուսուցչուհի, բայց ես դեռ չէի պատկերացնում, որ նա է լինելու մենթորս, բայց ահա մի քանի օր անց հասկացա, որ նա հենց այն մարդն է, ով պիտի լինի ինձ ուղի ցույց տվողն ու ցանկացած հարցում կողքիս կանգնողը,այլ կերպ ասած մենթորս:
Մենթորիս հետ մեր հանդիպումները անցնում էին այնքան հետաքրքիր, որ մենք չէինք զգում, թե ինչպես անցավ ժամանակը,և հաճախ մեր խոսակցությունները տևում էին մի քանի ժամ: Մենք հանդիպման բուն թեման սպառելուց հետո որևէ ֆիլմ էինք դիտում, երբեմն նաև բանավիճում տարբեր հարցերի շուրջ ու փորձում գտնել տարբեր հարցերի պատասխաններ, խոսում  այն երևույթների մասին որոնք գոյություն ունեն անկախ մեր կամքից:  Մեր յուրաքանչյուր զրույցից հետո մեր ուղեղում հղանում էր մի նոր ծրագիր, մի նոր գաղափար, և մենք անցնում էինք դրա իրագործմանը: Այդ ծրագրերից մեկն էլ իմ դրամաշնորհային ծրագիրն էր: Չնայած որ մենթորության ծրագիրն ավարտված է, մենք դեռ շարունակում ենք հանդիպել ու փնտրել լուծումներ կամ պատասխաններ: 
Մենթոր ունենալը շատ կարևոր է անհատի զարգացման ու կայացման համար: Ես շատ շնորհակալ եմ իմ մենթորին և առավելապես Արքանե ծրագրին:



Սեդա Մխիթարյան
ԱՐՔԱՆԵ 2015 շրջանավարտ