Wednesday, September 9, 2015

«ԹԻՄԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ, ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Եթե Ձեր գործողությունները ոգեշնչում են
ուրիշներին երազել ավելին, սովորել ավելին,
 անել ավելին և դառնալ ավելին, դուք առաջնորդ եք:

 Ջոն Քուինսի Ադամս

ՄԱՐԶԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ
Վայրը՝   Արմավիր, Մեծամոր, Վարչական տարածք N 6 , Սբ. Ղազար եկեղեցու տարածք
                 («Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության դահլիճ)
Օրը՝         26 սեպտեմբերի 2015թ.
Ժամը՝      Առավոտյան 11:00-ին

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 20 սեպտեմբեր 2015թ., ժամը՝ 23:59

** Դասընթացին կարող են մասնակցել բոլորը՝ թե աղջիկները, և թե տղաները (նախապատվությունը կտրվի 13-18տ դիմորդներին)

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
«Արքանե» աղջիկների առաջնորդության և զարգացման ծրագրի շարունակականությունն ապահովելու և  ներկայացված թեմաների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով Ստեփանավանի Երիտասարդական կենտրոնը կազմակերպում է սեմինարներ ՀՀ տարբեր մարզերում:
Ծրագրի մեկնարկը և առաջին սեմինար- հանդիպումը տեղի կունենա Մեծամոր քաղաքում:
Սեմինարը նվիրված է  թիմի կառուցմանը, թիմային աշխատանքի և առաջնորդության հմտությունների զարգացմանը:

ՍԵՄԻՆԱՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Սեմինարն ունի հետևյալ բովանդակային կառուցվածքը`


  • Թիմի կառուցման խաղեր
  • Արդյունքների ներկայացում, խմբային քննարկում
  • Բնավորությունը և հատկանիշները առաջնորդության մեջ
  • Առաջնորդության տեսակները
  • Թիմային դերեր
  • Ծանոթացում զանգվածային առցանց բաց դասընթացին

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ՝
Ուղարկեք նամակ lilit.mkhitaryan11@gmail.com էլ-հասցեով:
Կոնտակտային անձ՝  Լիլիթ Մխիթարյան

Monday, September 7, 2015

12 քայլ բլոգ ստեղծելու համար

Ինտերնետը հնարավորություն տվեց ցանկացած մարդու դառնալ լրատվամիջոցի ղեկավար՝ հայտնի թերթի կամ ռադիոյի, ինչու չէ, հեռուստատեսության: Այս ամենը ձեզ տալիս է բլոգը:
Կան բլոգերի համար նախատեսված հայտնի հարթակներ. դրանցից է blogger.com, որը պատկանում է Google ընկերությանը:
Այնպես որ, եթե ուզում եք ունենալ բլոգ այս կայքում, նախ և առաջ գրանցվեք Google-ում:
քայլ 1. գրանցվել google-ում

քայլ 2. սեփական հաշվից մտնել blogger

Քայլ 3. գրել բլոգի անվանումը, հասցեն,
ընտրել տեսքը և սեղմել «Create blog» 

Քայլ 4. Վերևի ձախ անկյունում տեղակաjված մատիտին սեղմելով՝
գրել բլոգփոստ:

Կամ պարզապես սեղմել նարնջագույն գրիչի կոճակին:


Քայլ 5. Այս էջում դուք կարող եք գրել արդեն վերնագիրը և տեքստը:
Քայլ 6. Ընտրել լուսանկար, որպեսզի տեղադրեք բլոգփոստում


Քայլ 7. Ընտրում եք «Choose files» կոճակը

Քայլ 8. Ընտրում եք ձեր նախընտրած լուսանկարները և սեղմում «open» կոճակը



Քայլ 9. նկարները իրար տակ շարվում են տեքստի էջում,
պարզապես մկնիկով բռնեք և տեղափոխեք անհրաժեշտ տեղը

Քայլ 10. Նշելով ցանկացած նկար՝ կարող եք փոխել
 նրա չափսերը, տեղը, ինչպես նաև ավելացնել փոքր տեքստ

Քայլ 11. Ավարտելուց հետո սեղմում եք «Preview» կոճակը,
բացվում է բլոգի նոր պատուհան, որտեղ
միայն դուք կարող եք տեսնել ձեր փոստը բլոգում ինչ տեսք ունի

Քայլ 12. եթե ձեզ դուր եկավ բլոգփոստի վերջնական տեսքը,
սեղմեք «publish» կոճակը և հանձնեք ձեր փոստը աշխարհի դատին

Եթե ընթացքում ծագեն հարցեր, առանց տատանվելու դիմեք Մանե Պապյանին:

«Արքանե 2015» երկրորդ փուլ

«Արքանե 2015» ամառային դպրոցը դեռ մեկ տարի կլինի ձեզ հետ տարբեր ծրագրերով և, ամենակարևորը, ձեր նախաձեռնությամբ:
Ինչպես հիշում եք, դպրոցի ժամանակ մենք խոսում էին հետագա ծրագրերի մասին, որ դուք հնարավորություն կունենաք իրականացնել սեմինարներ, փոքրիկ դրամաշնորհներ գրել, ունենալ ձեր մենթորը, ով կաջակցի ձեզ, որ ձեր երազ-նպատակները հնարավորինս արագ իրականություն դառնան:
Եվ ուրեմն սկսում ենք...
1. Դասընթացներ Հայաստանով մեկ- «Արքանե 2015» դպրոցը կշրջի Հայաստանով մեկ և կիրականացնի մի շարք դասընթացներ արդեն ձեզ մոտ: Մենք ձեր օգնության կարիքը շատ կունենանք, որ դուք ներկայացնեք մեզ արդեն ձեր համայնքներում, չէ՞ որ կան ձեզ նման շատ-շատ հասակակիցներ, որոնք ևս կցանկանան նոր գիտելիքներ ձեռք բերել:

2. Փոքրիկ դրամաշնորհներ- Տարբեր դասընթացներ ձեր հասակակիցների համար, հետաքրքիր ակցիաներ, նախաձեռնություններ համայնքի բարեկեցության համար... այն, ինչ ձեզ հետաքրքրում է: Դուք կունենաք հնարավորություն իրականացնելու՝ դիմելով «Արքանե 2015»: Այստեղ կարող են մասնակցել «Արքանե 2015» դպրոցի այս տարվա շրջանավարտները, իսկ նախորդ տարիների շրջանավարտների հետ համագործակցումը միայն խրախուսվում է:

3. Գտիր քո մենթորին- Դուք այս տարի նշել եք, թե ում կցանկանայիք տեսնել որպես մենթոր, մարդ, ով կլինի ձեր կողքին և կաջակցի ձեզ ամեն հարցում:

4. MOOC առցանց ուսուցում- Դուք հնարավորություն կունենաք օգտվել ինտերնետի անսահմանափակ շտեմարաններից մեկից՝ MOOC առցանց ուսուցման հարթակից, որտեղի դուք կարող եք գտնել բազմաթիվ դասընթացներ, որոնք ձեզ համար կբացեն նոր հորիզոններ և կօգնեն զարգացնելու նոր հմտություններ:

5. Բլոգ- Եվ իհարկե մենք սպասում ենք հետաքրքիր նյութեր ձեր իրականացրած միջոցառումների մասին: 

Հ.Գ. Այս ամենի մասին ավելի մանրամասն դուք կկարողանաք տեղեկություն ստանալ ավելի ուշ, իսկ մինչ այդ, հաջողություն ՁԵԶ և հիշեք, եթե ձեր նպատակները ձեզ չեն վախեցնում, ուրեմն նրանք բավականաչափ մեծ չեն:

Ճամբար Դարբաս գյուղում

<<Արքանե>> ամառային դպրոցի ավարտից հետո մենք` դարբասցիներս (Սոնա Զաքարյան, Մերի Համբարձումյան, Հերմինե Զաքարյան), շարունակեցինք մեր աշխատանքը արդեն մեր համայնքում: World Vision կազմակերպության հովանավորությամբ կազմակերպեցինք հնգօրյա ճամբար՝ լեցուն հետաքրքիր թեմաներով և հրաշալի էքսկուրսիայով դեպի Գառնի Գեղարդ: Կազմակերպեցինք հետաքրքիր խաղեր երեխաների համար: Որպես տարիքային խումբ ընտրել էինք 5-ից 7-րդ դասարանները: Մեր նպատակն էր <<Արքանե>>-ից ստացած գիտելիքները փոխանցել երեխաներին: Չէ որ մեր ապագան հենց նրանք են: Մեր <<Արքանե>>-ի թագավորության հրաշքները չեն ավարտվել, ընդհակառակը, դեռ նոր են սկսվում:


Sunday, August 16, 2015

Յոթ անմոռանալի օրեր, որ փոխեցին իմ կյանքը

Այս ուսումնական տարին ևս ավարտվեց, որն իմ վերջին տարին էր դպրոցում։ Դպրոցի և համալսարանի սահմանաբաժանին ունեի միայն երկու ամիս` կյանքս փոխելու ու հասուն կյանքին պատրաստվելու։ Ի՞նչը կարող էր ավելի արագ և արդյունավետ լինել այս դեպքում,  ու կտրուկ փոխել աշխարհայացքս, եթե ոչ ամառային դպրոցը։ Հենց այսպես էլ մտածում էի ու արդեն փնտրտուքների մեջ էի, երբ դեմ դիմաց կանգնեցինք ես ու «Արքանե 2015» մասնակցի հայտադիմումը։ Դիմեցի, ընտրվեցի ու գնացի Ստեփանավան։ Դիմելուս օրվանից մինչ «Արքանե» ոտք դնելս անընդհատ մտածում էի, թե ինչ կարող է նշանակել դպրոցի անվանումը։ Ամեն ինչ պարզվեց տեղում: Այստեղ արդեն իմացա, որ «Արքանեն» (նախկինում՝ GLOW) ամառային դպրոցի «հայաֆիկացված» տարբերակն է։ Արքանան եղել է Վանի թագավորության արքա Արամեի կինը, իսկ դպրոցի «ԱրքաՆԵ» անվանումը հստակ ընդգծում է, որ այն միայն աղջիկների առաջնորդության ու զարգացման ամառային դպրոց է։ Այս տարի մեր արքունիքում հավաքվել էին 40 արքայադստրիկներ` Հայաստան աշխարհի տարբեր նահանգներից։ 7 օր շարունակ մենք հետևեցինք արքունական օրակարգին՝ ամեն օր ժամանակ հատկացնելով մարմնամարզությանը, պարերին, դասընթացներին, խաղերին, բուռն քննարկումներին և, իհարկե, պալատական խնջույքներին։ Մասնակիցներից յուրաքանչյուրն այս օրերին ճանաչեց ինքն իրեն, զգաց իրեն մեծ թիմի անդամ, ներկայացրեց իրեն որպես առաջնորդ, որպես ապագա թագուհի, հոգաց շրջակա միջավայրի ու շրջապատող մարդկանց մասին։ Յուրաքանչյուրի բնավորության մեջ ու խառնվածքում արմատացան հաստատակամությունն ու վստահությունը, հանդուրժողականությունն ու հոգատարությունը, յուրաքանչյուրի ներսում գլուխ բարձրացրեց պատանի առաջնորդը։ Անզեն աչքով էլ կարելի էր նկատել, որ մեր աղջիկներն արդեն էլ այնպիսին չէին, ինչպիսին որ ժամանել էին արքունիք։
            Մենք ամառային դպրոցի 8-րդ շրջանավարտներն էինք, մեր արքունիքի 8-րդ իշխանազուն սերունդը։
            Հիմա արդեն համոզված եմ, որ «Արքանեի» շնորհիվ պատրաստ եմ համալսարանական հասուն կյանքին, գիտեմ, որ իմ ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների շնորհիվ կհաղթահարեմ ճանապարհիս հայտնված ցանկացած խոչընդոտ, որքան էլ` դա բարդ թվա։

            ԱրքաՆե՛, ես սիրեցի քեզ։

Մերի Անտոնյան
Լոռու մարզ
քաղաք Վանաձոր