Friday, June 13, 2014

Ես ԳԼՕ-ից հետո (Ռոզա Թադևոսյան)

Ես Ռոզան եմ: 15 տարեկան եմ, ապրում եմ Արտենիում և սովորում Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Անցած տարի իմ կյանքը հիմնովին փոխվեց, երբ մասնակցեցի ԳԼՕ աղջիկների առաջնորդության և զարգացման ամառային դպրոցին: Գալով ԳԼՕ՝ ես ձեռք բերեցի այնպիսի գիտելիքներ, որոնք չէի կարող ձեռք բերել և ոչ մի տեղում: Ես ԳԼՕ-ում սովորեցի գնահատել ինքս ինձ և հավատալ իմ ուժերին՝ անկախ ամեն ինչից: Սովորեցի աշխատել թիմում, լինել լավ լիդեր, կարողանալ հասկանալ ու համագործակցել խմբի անդամների հետ, համախմբվել միևնույն նպատակի շուրջ: Նաև սովորեցի լինել կամավոր շրջապատում, ձեռնարկել և իրականացնել կամավոր աշխատանքներ իմ համայնքի, բնակչության և առհասարակ բոլորի համար: Սովորեցի սնվել և ապրել առողջ, նաև շրջապատիս ևս սովորեցնել ապրել առողջ ու նպաստել դրան, լինել բնապահպան, իրազեկ լինել թրաֆիկինգ կոչվող աղետից: Մի խոսքով զարգանալ և զարգացնել, լինել ակտիվ և ներգրավված երիտասարդ շրջապատում:ԳԼՕ ծրագրի ավարտից հետո ես ունեցել եմ բուռն ու ակտիվ տարի: 
Փոքր ինչ պատմեմ դրա մասին. ԳԼՕ-ի ավարտից հետո ես ավարտեցի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և "Հայաստանի Մանուկներ Հիմնադրամ" բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված անգլերեն լեզվի ուսուցման միկրոկրթաթոշակային ծրագիրը: Նշեմ, որ ծրագրի ուսուցման կուրսը 2 տարի էր, ես մասնակցեցի ընդամենը 4 ամիս: Երբ ես ընդգրկվեցի այդ ծրագրում՝ ես ընդունվել էի որպես ազատ դիտորդ, չունեի համապատասխան գրքեր և չէի համարվում աշակերտ: Սկզբում ես ինձ այքան էլ լավ չէի զգում, որովհետեև մեծ տարբերություն էի զգում իմ և մյուս երեխաների մեջ: Մասնակցելով ԳԼՕ-ին ես սովորեցի կամքի ուժ դրսևորել և ինքս ինձ խոստացա, որ հաջորդ անգամ երբ կբաժանվեն նոր գրքեր ես ևս պետք է ունենամ դրանցից: Եվ այդպես էլ եղավ, ես ընդգրկվեցի հիմնական կազմ, ստացա ավարտական դիպլոմ, թեպետ նույնիսկ հույս էլ չունեի, որ կարող եմ ստանալ որևէ վկայական: Ծրագրի ավարտից հետո ես կրկին հրավեր ստացա "Հայաստանի Մանուկներ Հիմնադրամի" կողմից մասնակցել նույն միկրոկրթաթոշակային ծրագրին՝ բայց այս անգամ որպես կամավոր: Ես պետք է կամավոր հիմունքներով աշխատեի երեխաների հետ, օգնեի ուսուցչին դասը վարելու հարցում: Մինչև օրս էլ հանդիսանում եմ որպես կամավոր: Մասնակցեցի "Առողջ դպրոցներ. Դպրոցներն հանուն առողջության" եվրոպական ցանցի ծրագրին: Մշակեցի ծրագիր, որով շուտով կվերանորոգվի մեր դպրոցի մարզադահլիճը և հանդերձարանը: Մասնակցեցի "Առողջ ապրելակերպ" խմբակին, սովորեցի լինել և ապրել առողջ, ԳԼՕ-ից ստացած գիտելիքներս օգտագործեցի խմբակում՝ իմ ընկերներին հավելյալ գիտելիքներ փոխանցելով առողջ ապրելակերպի ու առողջության մասին : Մասնակցեցի տարբեր կամավոր աղբահանությունների և ծառատունկի՝ դպրոցի շրջակայքը բարելավելու նպատակով: Մասնակցել եմ "Վորլդ Վիժն Հայաստան" բարեգործական հասարակական կազմակերպության և "Ջինիշյան հիշատակի հիմնադրամի" կողմից կազմակերպած "Բանավեճի ակումբ" երիտասարդական դեբատ ակումբին: Ընդգրկվեցի մարզային հավաքական թիմ, մասնակցեցի հանրապետական փուլին և թիմիս հետ ընդգրկվելով լավագույն ութնյակ՝ հնարավորություն ունեցա մեկնել Աղվերան և մասնակցել ամառային ճամբարին և ներկա գտնվել ու մասնակցել "Հռետորական արվեստ", "Հաղորդակցության հմտություններ", "Բանավեճի հմտություններ" թեմաներով սեմինարներին : Այս ակումբի շնորհիվ սովորեցի վարժ բանավիճել, հայտնել իմ կարծիքը յուրաքանչյուր հարցի շուրջ, կարողանալ ապացուցել և պաշտպանել այն: Մասնակցել և մասնակցում եմ "Վորլդ Վիժն Հայաստան"-ի կողմից կազմակերպած մեկ այլ ծրագրի՝ դա ԻՄՓԱՔՏ երիտասարդական զարգացման ծրագիրն է, որը երիտասարդական ակումբ է , որի շրջանակներում ակումբի երիտասարդ անդամները մշակում և իրականացնեւմ են համայքային զարգացման ծրագրեր: Հիմա ես հանդիսանում եմ ծրագրի ներկայացուցիչը համայնքապետարանում: Մենք՝ խմբի անդամներս հայթհայթում ենք դոնորներ ծրագրի իրագործման համար, օգտվելով "Վորլդ Վիժն Հայաստան"-ի օգնությունից ևս: Այնուհետեև Կազմակերպել եմ սեմինարներ՝ "Առաջնորդություն", "Թիմային աշխատանք" և "Կամավոր աշխատանք" թեմաներով: Սեմինարի ընթացքում քննարկվել են առաջնորդության տեսակները, մասնակիցները հայտնել են իրենց կարծիքները առաջնորդության և թիմային աշխատանքի մասին:
Ավարտելով սեմինարը մենք մեր փոքրիկ խմբով դուրս եկանք փողոց և բոլոր պատահական անցորդներին առաջարկեցինք միանալ մեզ և մասնակցել կամավոր աղբահանությանը, որը իրականացվելու էր դպրոցի մոտ գտնվող ֆուտբոլի դաշտում և դրան հարակից տարածքում: Արդյունքում մենք կատարեցինք և՛ կամավոր աշխատանք , և՛ բնապահպանական ակցիա: Քանի որ ես հանդիսանում եմ դպրոցում գործող "Աշակերտական խորհրդի" անդամ, հանդիսացել եմ բնապահպանության և առողջապահության նախարար՝ իմ նախարարության անդամների հետ իրականացրել եմ հակածխախոտային ակցիա դպրոցում և դրանից դուրս՝ պատրաստելով թորիկ տեղեկատու քարտեր դրանց վնասակարության մասին , փակցրել ենք պաստառներ ամբողջ դպրոցով մեկ: Ահա և ես ԳԼՕ-ից հետո՝ ակտիվ , ներգրավված, համարձակ Ռոզաս՝ մասնակցած բազում ծրագրերի, բացի մասնակցելուց նաև իրականացրած: ԳԼՕ-ից ստացած գիտելիքները ինձ շա՜տ օգնեցին և ես հենց ԳԼՕ-ի, իմ կրտսեր և ավագ ջոկատավարների շնորհիվ եղա այսքան ակտիվ , ինձ համար որդեգրեցի արժեքներ, որոնց երբեք չեմ դավաճանի: Այս տարի ի ուրախություն ինձ ես ևս մեկ անգամ կայցելեմ ԳԼՕ, սակայն այս անգամ ոչ որպես մասնակցի, այլ որպես կրտսեր ջոկատավար, որը ԳԼՕ-ն ավարտելուց հետո իմ նպատակներից մեկն էր: Հուսով եմ կլինեմ լավ առաջնորդ թիմիս համար ու իմ խորհուրդներով, ստացած գիտելիքներով ու փորձով կնպաստեմ նրանց ակտիվությանն ու հմտությունների և կարողությունների բացահայտմանն ու օգտագործմանը: Ցանկանում եմ նաև խրախուսել այն բոլոր մասնակիցներին, ովքեր դիմել էին մասնակցության կամ էլ կրտսեր ջոկատավարության համար և չեն անցել: Ցանկանում եմ ասել , որպեսզի երբեք չկոտրվեն ու միշտ առաջ նայեն, թող գոտեպնդվեն ու իրենց մեջ կամքի ուժ գտնեն մյուս տարի դիմելու և անցնելու համար:

ՍԻՐՈՎ՝ 
ՌՈԶԱ 

Ռոզա Թադևոսյան
Կրտսեր Ջոկատավար
ԳԼՕ 2014 ամառային դպրոց



No comments:

Post a Comment