Wednesday, May 4, 2016

Անպետքը դարձնում ենք պետքական՝ հանուն համայնքային զարգացման

Բարև Արքանե,

Ուզում եմ տեղեկացնել որ ես՝ Հեմինե Զաքարյանս, Մերին և Սոնան այսօր սկսել ենք մեր ՙՙԱնպետքը դարձնում ենք պետքական հանուն համայնքի զարգացման" ծրագիրը: Սկզբում մենք պաստառ էինք փակցրել մեր համայնքի կենտրոնական շրջանում, որով տեղեկացնում էինք,որ ամբողջ համայնքով պետք է իրականացնենք ծրագիրը և մեզ պետք են թափոններ: Մի քանի օրերի ընթացքում մենք հավաքեցինք թափոնները և այսօր կամավորների աջակցությամբ սկսեցինք աշխատանքները:
Օր 2
Մենք շարունակում ենք եռանդով աշխատել մեր ծրագիրը իրագործելու համար։ Այսօր  աշխատանքներ կատարելու երկրորդ օրն էր: Բոլորը մեծ ուրախությամբ և պատասխանատվությամբ են կատարում աշխատանքը: Անգամ փոքրիկներն էին ուզում մեզ օգնել: Նրանք անհամբեր սպասում են այգու բացմանը:Երկու օրվա աշխատանքների ընթացքում մենք բացահայտեցինք, թե ինչքան համախմբված և միասնական կարող ենք աշխատել: Շա~տ շնորհակալ ենք ԱՐՔԱՆԵ-ից մեզ այսպիսի հրաշալի հնարավորություն ընձեռնելու համար: Աշխատանքները դեռ շարունակվում են։



Օր 3
Այսօր մենք էլի աշխատում էինք, մոտակայքում գտնվող վարարած գետի հնչյունների ներքո: Այսօր մենք մաքրել ենք 45 տարվա մամուռ, ներկել ենք դարպասները, տեղադրել ենք 1 սեղան իր չորս աթոռներով, որոնք բացառապես պատրաստված են անվադողերից:
Յուրաքանչյուր մեքենա, որը անցնում էր մեր Մշակույթի տան բակով արդեն երեք օր է մեզ շնորհակալություն են հայտնում, ոգևորում և ցանկություն հայտնում, որ իրենք էլ օգնեն: Մոտակայքի բոլոր տներից մեզ են տրամադրվել են այնպիսի առարկաներ, որոնք անհրաժեշտ են եղել: Շնորհակալ ենք մեր Դարբաս, որ դու կաս։ Շնորհակալ ենք այն մարդկաց, ովքեր Դարբասցի են։ 










Օր 4
Մեր աշխատանքները շարունակվում են, չնայած եղանակային անբարենպաստ պայմանների:Աշխատում ենք ջանասիրաբար և մեծ ոգևորությամբ։








Օր 5
Սիրելի ԱՐՔԱՆԵ եռօրյա հանգստից հետո, մենք այսօր անցանք աշխատանքի: Այսօր հիմանականում կատարեցինք ներկարարական աշխատանքներ: 








Հեմինե Զաքարյան, Մերի Համբարձումյան, Սոնա Զաքարյան
ԱՐՔԱՆԵ ծրագրի շրջանավարտներ
Սյունիքի մարզ 

Սեմինար-քննարկումներ Վանաձորում և Երևանում

Ողջու՜յն Արքանե,

Ես՝ Մարիամը և Միլենան ցանկանում ենք կիսվել մեր ծրագրի հաջողությամբ, որի դրամաշնորհը ստացել ենք շատ սիրելի ԱՐՔԱՆԵ ծրագրի շրջանակներում: ԱՐՔԱՆԵն հնարավորություն տվեց մեր ծննդավայրերը՝ Երևանը և Վանաձորը իրար կապել մի մեծ, անտեսանելի թելով, որը անվանում ենք գիտելիք: Ապրիլի 15-ին Երևանում և ապրիլի 18-ին Վանաձորում իրականացրեցինք սեմինար-քննարկում մարդու իրավունքների և գենդերային հարցերի վերաբերյալ, բայց սա դեռ ամենը չէր, սեմինարի ընթացքում յուրաքանչյուր մասնակից ընտրեց իրեն ամենից շատ հուզող խնդիրը կամ լուծումը գենդերային հարցերի վերաբերյալ և հետո նկարահանվեց, որը շուտով կտեղադրվի համացանցում՝ իբրև սոցիալական հոլովակ:  
Ստորև ներկայացնում ենք սեմիանար-քննարկումից լուսանկարներ, իսկ սոցիալական հոլովակը շա՜տ շուտով կտեղադրվի 

Սիրով՝ 
Մարիամ Հարությունյան և Միլենա Խաչատրյան 
ԱՐՔԱՆԵ 2015 շրջանավարտներ
Երևան և Վանաձոր 







Երկիր մոլորակի օր Վայոց Ձորում



Ողջույն սիրելի Արքանե, 

Ապրիլի 22-ին Վայքի ավագ դպրոցում  տեղի ունեցավ Բնապահպանություն թեմայով իմ սեմինարը, որը նվիրված էր Երկիր Մոլորակի օրվան:  Սեմինարի ընթացքում խոսվեց Երկիր Մոլորակի օրվա, բնապահպանական հիմնախնդիրների մասին, փորձեցինք  տալ լուծումները: Ընթացքում նայեցինք 3 բնապահպանական կարճամետրաժ ֆիլմեր, խաղացինք խաղեր: Սեմինարից հետո դպրոցի բակում տնկեցինք ծառեր: Ամբողջ ընթացում մեզ հետ են եղել տնօրենը, մի քանի ուսուցիչներ, որոնք որոշ չափով օգնեցին մեզ:

Շնորհակալ ենք Ստեփանավանի երիտասարդական կենտրոնին և ԱՐՔԱՆԵ ամառային դպրոցի կազմակերպիչներին ՝ մեզ նման հնարավորություն տալու համար:

Աննա Սուքիասյան
ԱՐՔԱՆԵ (ԳԼՕ) 2013 շրջանավարտ
Վայոց ձոր
  
















 

Համայնքային ծրագիր Վեդի քաղաքում



Ահա և վերջ։ Ապրիլի 17- 23, ք․ Վեդիում տեղի ունեցավ իմ դրամաշնորհային ծրագիրը՝ տեղադրեցինք ինֆորմացիոն վահանակներ՝ միաժամանակ մաքրելով կենտրոնական փողոցի շենքերի պատերը հայտարարություններից,  ներկեցինք և վերանորոգեցինք կենտրոնական փողոցում գտնվող տաղավարը: Ծրագրին մասնակցում էին 15-19 տարեկաններ: Բացի այդ մեր իսկ վերանորոգած տաղավարում տեղի ունեցավ իմ կազմակերպած սեմինարը ինչին մասնակցում էին 11-րդ դասարանի աշակերտներ:

Շնորհակալություն ԱՐՔԱՆԵ-ին նման հնարավորություն ընձեռելու համար:

Սարգսյան Լիլիթ
ԱՐՔԱՆԵ (ԳԼՕ) 2014-ի շրջանավարտ
Արարատի մարզ, ք. Վեդի


Friday, April 29, 2016

Դրամաշնորհային ծրագիրը Դիլիջանում

Բարև, իմ շատ սիրելի ԱՐՔԱՆԵ...
Այսօր ինձ համար շատ կարևոր օր էր, և ուզում եմ կիսվել ձեզ հետ: Այսօր` ապրիլի 28-ին, տեղի ունեցավ իմ դրամաշնորհային ծրագրի սեմինարը: Ասեմ, որ սկզբում` մինչ մասնակիցների ժամանելը, հուզվում էի, անհանգստանում էի, բայց երբ մասնակիցները սկսեցին հավաքվել, չզգացի թե ուր կորավ հուզմունքս: 
Թեման առաջնորդությունն էր, մասնակիցները բոլորն էլ որոշակի գիտելիքներ ունեին թեմայի վերաբերյալ: Այո, Ոչ՝  կարծիքների դեպքում բուռն քննարկում էր սկսվում: Մի խոսքով սպասելիքներս լիովին բավարարված են :
Սեմինարի սկզբում մինչ բուն թեմային անցնելը մասնակիցներին պատմեցի ԱՐՔԱՆԵ ամառային դպրոցի մասին, մեր առօրյայի մասին, ստացած գիտելիքների, նոր ծանոթների, Ստեփանավան քաղաքի մասին:
Ոգևորությունն այնքան մեծ էր, որ կազմակերպիչներին կարող եմ վստահեցնել, որ ԱՐՔԱՆԵ 2016-ին Դիլիջանից հայտ ներկայացնողները շատ են լինելու: 


Լիա Ղազարյան
Տավուշի մարզ
Արքանե ծրագրի շրջանավարտ






Sunday, April 24, 2016

ԳրաԴասարան

Իմ շատ սիրելի ընկերներ, դասընթացավարներ,
Ուզում եմ ձեզ ծանոթացնել իմ և Մերիի առաջին դրամաշնորհային ծրագրի հետ:
Շատերն են բողոքում, որ այս դարում երեխաները նախընտրում են զբաղվել համակարգչային խաղերով, ժամանակը անցկացնել սոցիալական կայքերում և անտեսում են գրքերը: 

Այսպիսով որոշեցինք կազմակերպել ԳրաԴասարան ծրագիրը՝ դեռահասների շրջանում ընթերցանության կուլտուրան զարգացնելու համար։
Ես և Մերին շրջեցինք Երևանի տարբեր գրախանութներով, ընտրեցինք գրքեր, ներգրավեցինք 14-18 տարեկան երեխաների և........ԱՐԴՅՈՒՆՔՆ ԱԿՆՀԱՅՏ Է!  ՀԱՊՀ ավագ դպրոցում բացվեց ընթերցասերների խմբակ, որի մասնակցիներին հնարավորություն է ընձեռնված օգտվել դպրոցի նոր գրադարանից, որը տարիների ընթացքում հարստացվելու նոր և հետաքրքիր գրքերով:
Շնորհակալություն ենք հայտնում մեր շատ սիրելի ԱՐՔԱՆԵ-ի դասընթացավարներին, Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնին նման հնարավորություն ընձեռնելու համար:
 

Էլեն Ալթունյան, Մերի Թութունջյան  

ԱՐՔԱՆԵ ծրագիր շրջանավարտներ 



 

Saturday, April 23, 2016

Սորան զբոսայգու մուտքի բարեկարգում

Բարև սիրելի Արքանե՜,

Ցանկանում եմ կիսվել հաջողությամբ: Ապրիլի 17-ին իրականացրի իմ դրամաշնորհային ծրագիրը՝ ներկեցինք Սորան զբոսայգու դարպասները:
Սիրով ներկայացնում եմ մի քանի նկարներ։

Գայանե Գասպարյան
Տավուշի մարզ
ԱՐՔԱՆԵ 2015 շրջանավարտ




 

Դասընթաց Ֆիզմաթ դպրոցում

Բարև,
Ուրախ եմ տեղեկացնել իմ նոր  նախաձեռնության մասին։ Ապրիլի 21-ին Երևանի Ֆիզմաթ դպրոցում կազմակերպեցի դասընթաց «Մարդու իրավունքներ» թեմայով։ Բացօթյա դասընթացին մասնակցնեցին 13-14 տարեկան աշակերտներ։ Սկզբում ամփոփեցինք մասնակիցների ունեցած գիտելիքները, հետո ավելի խորը տեսանկյունից դիտարկեցինք մեր իրավունքները։ Թրեյնինգի ընթացքում մասնակիցները խաղացին «Ճանապարհորդություն օդապարիկով» և «Երկընտրանք» խաղերը, որոնց միջոցով գիտակցեցին իրենց իրավունքների կարևորությունը։ Նաև մասնակիցները թիմի հետ աշխատելու, համագործակցելու փորձ ձեռք բերեցին։
Կից Ձեզ եմ ներկայացնում մի քանի նկարներ։

Անահիտ Բաղշեցյան
Երևան 
ԱՐՔԱՆԵ ծրագրի շրջանավարտ




Դասընթաց Արմավիրի մարզում կանանց իրավունքներ թեմայով

Ողջույն սիրելի Արքանե,

Այսօր տեղի ունեցավ "Կանանց իրավունքներ և գենդերային անհավասարություն" թեմայով իմ դասընթացը: Սա իմ առաջին դրամաշնորհային ծրագիրն էր և այն կարելի է համարել հաջողված:
Սեմինարի ընթացքում խոսվեցինք կանանց իրավունքների և գենդերային անհավասարության մասին: Խաղերի և փոքրիկ բեմականացումների շնորհիվ ավելի պատկերավոր բացատրվեցին թեմաները: Աղջիկների հետ առաջադրեցինք իրավիճակներ, ուր խախտված էին կանանց որոշակի իրավունքներ: Գենդերային անհավասարություն թեման սկսեցինք գենդերի մասին պատկերացումներով: Այնուհետև քննարկեցինք տարբեր մասնագիտություններ,և քննարկեցինք, թե դրանցից որոնք են բնորոշ կանանց ու տղամարդկանց: Իբրև ավարտ պատրաստեցինք պաստառ, որում ամփոփեցինք մեր գիտելիքները: Աղջիկները մեծ բավականություն ու շատ գիտելիքներ ստացան, որոնք հետագայում ևս կօգտագործեն:

Անուշ Մկրտչյան
Արմավիրի մարզ
ԱՐՔԱՆԵ ծրագրի շրջանավարտ