Thursday, July 21, 2016

Մեր հեքիաթներն իրական են

Փոքր ժամանակ սիրում էր քայլել փակ աչքերով և միշտ ընկնում էր, աշխատել է որպես ներկարար-շինարար, անգետիկն է, գիտի ամեն ինչից մի քիչ-մի քիչ, ձեռքի մեջ պահել է բաբախող սիրտ, լսել է դելֆինների ձայնը, կառավարում է իր երազները, ունի բարոնուհու տիտղոս, ստացել է պրոֆեսիոնալ բոքսով զբաղվելու առաջարկություն…


Այսքան բազմազան ու համեմունքաշատ Արքանե ունենք այս տարի: Այս արտահայտություններից յուրաքանչյուրն Արքանե դպրոցի թիմի անդամներից որևէ մեկի մասին է. դե պատկերացրեք այս տարվա Արքանեի գույները:
Օրվա ամենաուրախ ու միևնույն ժամանակ ամենալարված իրադարձությունը Գանձերի որս խաղն էր, որտեղ թիմերը, գործի դնելով իրենց հնարամտությունը, արագաշարժությունը, ճկունությունը և մինչ այս պահը ձեռք բերած մտերմությունը, իրենց առջև դրված խնդիրները հաղթահարելով՝ լուծում են հանձնարարված գլուխկոտրուկը:
Իսկ խաղի վերջում ուրախ բացականչություններ, գրկախառնություններ ու թռվռոցներ, որովհետև ոմանք հաղթեցին, քանի որ ամենաարագն էին, ոմանք ավելի մտերմացան, որովհետև աջակցում էին միմյանց, ոմանք ավելի վստահ դարձան, որովհետև խնդիրներ էին լուծում:
Այսօր միմյանց ու ինքներս մեզ ավելի լավ բացահայտեցինք, որովհետև օրվա խորագիրն ինքնաճանաչումն էր: Հետո փորձեցինք համատեղ խնդիրներ լուծել. որոշ դեպքերում ստացվեց, որոշ դեպքերում՝ ոչ: Ձախողումներն ընդունեցինք որպես նվեր, դրանցից արժեքավոր դասեր քաղեցինք: Բազմազանության և հանդուրժողականության թեման քննարկելիս էլ հասկացանք, որ սիրում ենք մեր միջև եղած բոլոր-բոլոր տարբերությունները, որոնք առանձնացնում են մեզ մյուսներից, և որոնցով մենք մենք ենք դառնում:


Օրվա վերջում կարծես թե ավելի շատ ենք սիրում տարբեր գույներով լցված Արքանեն ու անհամբեր սպասում ենք գալիք օրերի հեքիաթներին, որոնք շատ սիրուն են լինելու իրական թվալու համար:



Լիլիթ Հակոբյան

Անահիտ Վարդանյան

No comments:

Post a Comment