Ողջույն: Դարձյալ ես եմ`Ծովինարը Տավուշի մարզի Այգեձոր գյուղից: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի սեմինարներ եմ կազմակեպել մեր համայնքում:
Առաջին սեմինարների ընթացքում խոսեցինք գենդերային խնդիրների, արժեքային համակարգի, ազգային ինքնագիտակցության մասին:Աղջիկների հետ զրույցը ունեցավ անսպասելի, բայց ցանկալի արդյունք տվեց: Ես փորձեցի աղջիկներին հաղորդել գենդերային հավասարության գաղափարը: Ասեմ, որ աղջիկները բավականին հասուն մտածելակերպ ունեին: Նրանք ներկայացնում էին կնոջ և տղամարդու դերերը ընտանիքում: Արժեքային համակարգի վերաբերյալ զրույցը նույնպես հետաքրքիր անցավ: Բոլոր աղջիկները կարևորում էին ընտանիքը և ընտանիքի դերը: Խոսեցինք նաև հայեցի լինելու և հայկական ինքնության մասին:
Մայիսի 27-ին մեր համայնքում երեխաների իրավունքների պաշտպանի օգնությամբ կազմակերպեցի հաջորդ սեմինարը: Քանի որ մասնակցող աղջիկները անցյալ սեմինարներին չէին մասնակցել, ցանկացան, որ խոսենք նրանցում արծարծված թեմաների մասին: Խոսեցինք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի,առողջ սննդի և հիգիենայի մասին: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ներկայացնելուց հետո «Բաժակների զրնգոց» խաղով փորձեցինք հասկանալ, թե ինչպես է տարածվում այն: Հիվանդության հետ կապված նորություն էր այն, որ գոյություն ունի դեղամիջոց, որով կարելի է պայքարել դրա դեմ և հատկապես այն, որ այն ստեղծել են հայերը: Ինձ ուրախացնում է այն փաստը, որ նրանք բավականին լայնախոհ են`զերծ կարծրատիպերից, և նրանց համար հիվանդը հիվանդ է` անկախ հիվանդության տեսակից, և փոխանցման ուղիներից: Հետո խոսեցինք առողջ սննդին: Թղթերի վրա գրեցինք մոտ 35 անուն սննդամթերք,և դրանք դասակարգեցինք` ըստ դրանց առողջարար լինելուն: Հիգիենայի մասին խոսեցինք հարց ու պատասխանի միջոցով:
Այսօր`մայիսի 28-ին դարձյալ կազմակերպեցի սեմինար «Հույսի կամուրջ» ՀԿ-ի տրամադրած սենյակում`երեխաների պաշտպանի օգնությամբ: Այսօրվա սեմինարի ընթացքում անդրադարձանք թրաֆիքինգին, նպատակների իրագործմանը, ինքնագնահատմանը և առաջնորդությանը: Սկզբում խոսեցինք թրաֆիքինգի մասին, ապա աղջիկներին ներկայացվեցին գործողություններ, որոնցով կարելի էր խուսափել թրաֆիքինգի զոհը դառնալուց: Ապա խոսելով մյուս երեք թեմաներից` փորձեցինք դրանց միջև կապ ստեղծել: Վերջին երեք թեմաներից խոսեցինք զրույցների, հարց ու պատասխանի և հոգեբանական հարցաշարերի օգնությամբ:
Ծովինար Սաֆարյան
Տավուշի մարզի, գյուղ Այգեձոր
ԳԼՕ 2012 շրջանավարտ
No comments:
Post a Comment