Իսկ այսօր առավոտից նրանք արդեն սկսել են իրենց ակտիվ առօրյան: Ի՞նչ կասեք. չփորձե՞նք զգույշորեն հետևել նրանց աշխատանքին: Յուրաքանչյուր թիմ ունի իր սենյակը, որը զարդարված է ԳԼՕ ամառային դպրոցի այս տարվա թեմային` կրկեսի գույնզգույն շնչով:
Իսկ դրա համար ավագ ջոկատավարները քայլ առ քայլ առաջնորդում են ԳԼՕ-ականներին դեպի թիմի ստեղծում` բացահայտելով նրանց համար մի նոր անհայտ աշխարհ, որտեղ թիմային աշխատանքի, արժեքային համակարգի, բնավորության կառուցվածքի, ինքնագնահատականի, նպատակի առաջադրման, հանդուրժողականության և էլի լիքը-լիքը քայլերով շարժվելով կարելի է հասնել թիմի ստեղծմանը և ինքդ քեզ որպես թիմի լիիրավ անդամ զգալուն:
Այս ի՞նչ այսբերգ են նկարում, վրան էլ հայկական տարազ, շախմատ, աղ ու հաց, ավանդույթներ, մշակույթ… հետաքրքիր է, ինչի համար է… Ինչքան անհամբեր ենք, ահա և պատասխանը` դա մշակութային այսբերգի մոդելն է: Ինչպես ցանկացած մարդ, մշակույթն էլ, ժողովուրդն էլ ունի իր «բնավորության» այսբերգը, որտեղ թաքնված է մի ամբողջ անցյալ…
Վերջապես. կազմակերպիչ Սոնան բացատրեց ամեն ինչ: ԳԼՕ-ականները պետք է որոնեն գանձեր` անցնելով կրկեսային բազմապիսի հնարքների միջով: Մեր աղջիկների չորս խումբն էլ հաղթահարեցին փորձությունները` հայթայթելով բոլոր գանձերը… նրանք ավելի ուշ կզգան, որ գտել են մեկ այլ գանձ` իրենք իրենց:
No comments:
Post a Comment