Wednesday, April 23, 2014

ԳԼՕ՝ իմ առաջին ճամբարը, իմ երկրորդ ընտանիքը, իմ ուժը


Ես ԳԼՕ 2013-ի սան եմ: Երբ իմացա այս ճամաբարի մասին հենց նույն օրը գրեցի ճամբարին մասնակցելու հայտը և մոտավորապես մեկ ամսից ստացա նամակ, որտեղ գրված էր, որ ես մասնակցելու եմ ճամբարին: Շատ ուրախ էի և  միևնույն ժամանակ հպարտ: Երբ գնացի ճամբար ծանոթացա տարբեր աղջիկների հետ, ովքեր հիմա իմ լավագույն ընկերուհիներն են:
Այն թեմաները, որոնք մենք ուսումնասիրում էինք համոզված եմ ուրիշ տեղ ես չէի սովորի:Այսպիսով ԳԼՕ-ն օգնեց ինձ լինել ինքնավստահ և ավելի կայուն:Երբ ճամբարից վերադարձա բոլորը ինչ որ փոփոխություն էին նկատում,ես ավելի  ինքնավստահ էի և դա ինձ դուր էր գալիս:և ԳԼՕ-ն օգնեց ինձ իմ հետագա քայլերում,որոնց մասին նույնպես կպատմեմ :
 
Ես ԳԼՕ-ից հետո մասնակցեցի մեկ ուրիշ ճամբարի, այս անգամ որպես կամավոր  թարգմանիչ: Այս ճամբարը տարբերվում էր, քանի որ ներառական ճամբար էր: Երբ շփվում էի այդ երեխաների հետ հասկանում էի, որ նրանց էլ է պետք այն գիտելիքները, որոնք ես եմ ստացել: Եվ որոշեցի կազմակերպել սեմինարներ այդ երեխաների համար: Իմ կազմակերպած սեմինարներից էր ճիշտ սննդակարգ և ջուր, նաև  այդ ճամբարի թեմաներից էր գենդերը, այդ ժամանակ ես երեխաներին փոխանցեցի իմ գիտելիքները: Բացի սեմինարնեից ճամբարի երեխաներին սովորեցրել եմ մեր ԳԼՕ-ի պարերը:
 
Սեմինարներից էր նաև finger print art սեմինարը, որի ժամանակ երեխաները  պետք է ստանային տարբեր պատկերներ ձեռքի մատների օգնությամբ, որոնք նախորոք գունավորուն էին:

Վերջերս ես կազմակերպեցի սեմինար բլոգինգ թեմայով; Բլոգինգ սեմինարի ժամանակ ես ներկայացրեցի, թե ինչ է բլոգը, ինչի համար են նախատեսված և ինչերով են տարբերվում բլոգները և ինչ պլատֆորմներում կարելի է ստեղծել բլոգներ: Ցանկացողները ստեղծեցին իրենց անձնական բլոգները:


Ժասմենա Սաքանյան
ԳԼՕ 2013 ամառային դպրոցի մասնակից

 

Tuesday, April 22, 2014

ԳԼՕ-ն որպես նոր կյանքի սկիզբ



Արդեն երկու տարի է անցել այն գարնանային օրից, որն կամա թե ակամա իմ կյանքի փոփոխության պատճառներից մեկը հանդիսացավ: Գարնանային մի օր էր, բայց ոչ այն օրերից, երբ արևը իր շողերով այրում է հոգիդ, ընդհակառակը գարնանային մռայլ օր էր, դպրոցում բոլորս ժամերն էինք հաշվում, որպեսզի տուն գնայինք մեկ բաժակ տաք թեյ խմելու և տաքանալու համար: Հանկարծ դասասենյակի դուռը բացվեց և ընկերներիցս մեկը ներս մտավ ձեռքին մի թուղթ: Նա մոտեցավ ինձ, հանձնեց թուղթն ու ասաց. << Սա ամառային դպրոցի հարցաթերթիկ է, անպայման կլրացնես>>: 
Նրա գնալուց հետո թուղթը դրեցի պայուսակումս և մինչև տուն հասնելս մոռացա այդ մասին, քանի որ ցուրտը ուղեղս սառեցրել էր: Տուն հասնելուց և տաքանալուց հետո բացեցի պայուսակս, հանեցի թուղթը և սկսեցի ուսումնասիրել: GLOW, <<լուսավորե՞լ, պայծա՞ռ, հմմմ>> մտածեցի ես, ապա թուղթը մի կողմ դրեցի և սկսեցի դասերս սովորել: Մի քանի օր անց սենյակում նկատեցի թուղթը, վերջնաժամկետը մոտ էր, ես չգիտեի ինչ անել, մտածում էի թուղթը աղբը նետել, քանի որ վստահ չէի սեփական ուժերիս վրա: Բայց երեկոյան, երբ արևը մայր մտավ, որոշեցի փորձել, ձեռքերս դողում էին, գրիչը սայթաքում էր մատներիս արանքից, լրացնում էի և մտածում. <<Մեկ է չեմ անցնելու, մյուներն ինձնից լավն են>>:
Հայտը լրացնելուց երևի երկու ամիս անց զանգ ստացա Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնից, մի պահ ականջներս ինձ լքեցին, աչքերիս դիմաց ամեն ինչ սև էր երևում, չէի կարողանում ոչինչ զգալ, քանի որ ինձ ասացին, որ ընտրվել եմ որպես ԳԼՕ-ի եզրափակիչ փուլի մասնակից:
Ամառային մի արևոտ օր լքեցի տունը, սկսեցի քայլել դեպի մեքենան Ստեփանավան սլանալու նպատակով: Ճանապարհին ոչինչ չէի խոսում, քանի որ մտքերս արդեն Ստեփանավանում էին: Մեքենայից դուրս գալուց հետո սիրտս բաբախում էր արագորեն, հուզված և անհանգիստ էի: Բայց մոտենալով ջոկատավարներին և կրտսեր ջոկատավարներին սիրտս միանգամից հանգստացավ, սկսեցի շնչել ինչպես առօրյա կյանքում: Բոլորը ժպտում էին, ճամբարում կատարյալ ներդաշնակություն էր տիրում: Կրտսեր ջոկատավարներն ինձ ուղեկցեցին իմ սենյակ, ապա հանդիպեցի իմ սենյակակցին, որն այսօր իմ լավագույն ընկերներից մեկն է: Սկզբում վախենում էի խոսել, սակայն երեկոյան կարծես քույրեր լինեինք:
ԳԼՕ-ն իհարկե նոր գիտելիքների մի անսպառ աշխարհ է, այստեղ բոլորը սովորում են, բայց սովորում ենք իրական փորձից, ոչ միայն գրքերից, սովորում ենք մարդկանցից, ովքեր ունեն պատմություն, ովքեր պատրաստ են պատմել: Եվ հենց այս մարդիկ ինձ ծանոթացրեցին այսօրվա իմ լավագույն ընկերոջ և խորհրդատուի հետ, ում ես անցյալում երբեք չէի հանդիպել: Նրա անունն Անուշ էդվարդի Պետրոսյան է: Նա պատմում է, որ իր պատմությունը շատ հետաքրքիր է, ԳԼՕ-ում անց կացրած ընդամենը մեկ շաբաթը վերափոխել է իրեն: Անհավատալի է, թե ինչպես մարդ կարող է հասունանալ ընդամենը մեկ շաբաթում, դառնալ ինքնավստահ և համարձակ: Նա ասում է, որ նա այլևս չի կարող հավատալ, որ այն Անուշը, ով դողացող ձեռքերով լրացնում էր ճամբարի հայտը հենց ինքն է, նույն Անուշը: Անուշը կամ ես: ԳԼՕ-ն ինձ ստիպեց ճանաչել ոչ միայն այն աշխարհը, որն ինձ շրջապատում է, այլ սովորեցրեց ճանաչել ինքս ինձ`իմ սոփական աշխարհը: Ես հասկացա, որ արդեն ժամանակն էր և պետք էր դուրս գալ այն վանդակից, որտեղ սեփական շղթաներով բանտարկել էի ինձ:  ԳԼՕ-ն ինձ ցույց տվեց դռներ, որոնք ունեին բազմաթիվ ճանապարհներ և կարծես ականջիս շշնջաց.<<Ընտրությունը քոնն է, դու ես պատասխանատու որ ճանապարհով ընթանալ>>:  Կարծես թե աչքերիս դիմացից մի ահռելի դարպաս կոտրվեց, քանի որ աչքերս սկսեցին տեսնել բոլոր հնարավորությունները, որոնք կյանքն ինձ էր տվել:
Ժամանակն էր լքել Ստեփանավանը, բոլորն արտասվում էին, բոլորս տխուր էինք, մեր նորաստեղծ և սիրով լի ընտանիքին հրաժեշտ տալու համար: Բայց ժամանակը եկել էր, որ բոլորս վերադառնայինք դեպի մեր համայնքները և տարածեինք այն գիտելիքները, որոնք ստացել էինք ԳԼՕ-ում անց կացրաց անմոռանալի օրերի ընթացքում: Ես հեռանում էի, բայց հեռանում էի վերադառնալու նպատակով:
Մեկ տարի անց վերադարձա ԳԼՕ, այս անգամ որպես կրտսեր ջոկատավար: Վերադարձա փորձս և գիտելիքներս ընկերներիս հետ տարածելու համար: Վերադարձա այս անգամ իմ պատմությունը պատմելու համար, վերադարձա նորից ոգեշնչվելու համար: Այս անգամ վերադարձա, քանի որ գիտեի ինչ էր նշանակում լինել կրտսեր ջոկատավար: Լսելով իմ կրտսեր ջոկատավարի պատմությունները ՖԼԵՔՍ(FLEX-Future Leaders Exchange) ծրագրի մասին, ոգեշնչվելով նրա փորձից ես ընտրվել էի ՖԼԵՔՍ ծրագրի եզրափակիչ փուլի մասնակից, Ամերիկայում մեկ տարի բնակվելու և սովորելու համար: Սա ինձ հա

մար մի նվաճում էր, որը իրականություն դարձավ միայն ԳԼՕ-ից հետո: Այս անգամ ճամբարում գործադրեցի ունեցածս բոլոր ջանքերը մասնակիցներին օգնելու և աջակցելու համար, քանի որ ինձ համար ներշնչանքը հրաշքներ իրագործելու նախապայման է:
GLOW- աղջիկներն առաջնորդում են մեր երկիրը, GLOW-աղջիկները լուսավորում են մեր երկիրը:
Այսօր, երբ ետ եմ նայում`գտնելու վախկոտ և ամաչկոտ Անուշիկին, նա ժպտում է և ասում. <<Ես հպարտ եմ քեզնով>>:

Անուշ Պետրոսյան
Քաղաք Դիլիջան, Տավուշի մարզ
ԳԼՕ 2012 առամային դպրոցի մասնակից
ԳԼՕ 2013 ամառային դպրոցի կրտսեր ջոկատավար

Sunday, April 20, 2014

Սեմինար Տաթև գյուղում



Ողջույն, ես ԳԼՕ 2011 ամառային դպրոցի մասնակիցներից եմ: ԳԼՕ-ից վերադառնալուց հետո շատ նպատակներ ու ծրագրեր ունեի, որոնք ցավոք չկարողացա իրագործել: Եվ ահա այս տարի չգիտեմ ինչու, բայց անընդհատ մտածում էի ԳԼՕ վերադառնալու մասին և հասկացա, որ դեռ ամեն ինչ կորած չէ և որոշեցի քայլեր ձեռնարկել այսպես ասած երազանքիս իրականացման համար:
Համագործակցեցի ընկերուհուս՝ Լուսինե Պողոսյանի հետ, ով ԳԼՕ 2013 ամառային դպրոցի մասնակիցներից է:  Մենք կազմակերպեցինք սեմինար Առաջնորդություն և Թիմային աշխատանք թեմաներով: Ես խոսեցի  Թիմային աշխատանք  թեմայի շուրջ, ներկայացրի Թիմային աշխատանքի բնույթը և իմաստը, ծանոթացրի դրա առանձնահատկություններին և փորձեցինք միասին պարզաբանել ինչպես արդյունավետ  թիմային աշխատանք կատարել:
Սեմինարը անցկացրինք 9-ից 11-րդ  դասարանի աշակերտների հետ պրեզենտացիայի ձևով, և կարող եմ վստահ ասել, որ աշակերտները բավականին ուշադիր էին, և կենտրոնացած գիտելիքի յուրացման վրա:
Ամեն ինչ շատ լավ ընթացավ, երեխաները բավականաչապ գիտելիքներով գնացին կիսվելու իրենց ընկերների հետ:


Ես և Լուսինեն մեծ բականաություն ստացանք նրանց ուշադիր վերաբերմունքից և լսելու մեծ ցանկության առկայությունից: Նաև թեթևացանք, քանի որ կարողացանք էլ ավելի զարգացնել և նորանոր գիտելիքներ փոխանցել մեր հեռավոր գյուղի երեխաներին, ովքեր մեր վաղվա ապագան են:


Գոհար Ավանեսյան
ԳԼՕ 2011 ամառային դպրոցի մասնակից
գյուղ Տաթև, Սյունիքի մարզ

GLOW Ամառային Դպրոց 2014


ԳԼՕ ամառային դպրոցի նպատակն է ինքնաճանաչման և ինքնազարգացման հնարավորություններ ընձեռել 13-16 տարեկան հայ աղջիկներին և զարգացնել նրանց առաջնորդության հմտությունները: Ամառային դպրոցի թեմաները ներառում են կարիերայի զարգացում, առողջ ապրելակերպ, գենդերային հարցեր, մարդու իրավունքներ, բնապահպանություն, թիմային աշխատանք, անձնական հմտությունների զարգացում, և ստեղծագործական մտքի ձևավորում:
Ծրագրի տևողությունը 7 օր է, հունիսի 30-ից հուլիսի 6-ը, 2014թ․: Ամառային դպրոցը տեղի կունենա Ստեփանավանում: Պարապմունքերը վարելու են հայ և ամերիկացի (ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորներ) հմուտ դասընթացավարները: Աշխատանքային լեզուն հայերենն է: Ծրագիրն անվճար է: Ճանապարհածախսը փոխհատուցվում է:
Ամառային դպրոցին կմասնակցեն 40 մասնակիցներ: Կարող են դիմել Հայաստանի բոլոր մարզերում բնակվող, ներկա ուսումնական տարում 8-11-րդ դասարաններում ուսանող 13-16 տարեկան աղջիկներ: Մասնակիցների դիմումները կդիտարկվեն և ընտրությունը կավարտվի հունիսի սկզբին:
Դիմումների ստացման վերջնաժամկետը մայիսի 7-ն է: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն հունիս ամսվա սկզբին:

Հայց ամառային դպրոցի մասնակիցների համար

Հայտ կրտսեր ջոկատավարների համար (կարող են դիմել միայն նախկին տարիների ամառային դպրոցի մասնակիցները)

Ես ու ես՝ GLOW-ից հետո


Ես մինչև ԳԼՕ ամառային ճամբարին մասնակցելը….
Վա՜յ, լավ էլի, որ հիշում եմ մի տեսակ ինքս ինձնից հիասթափվում եմ:
Չափից շատ ամաչկոտ, կաշկանդված: Հենց մի հարց  ուղղեին ինձ ու պատասխանը չիմանայի, իսկույն նեղվում էի…Վա՜յ, ոնց կլնի, չկարողացա պատասխանեմ, ինչ ամոթ է, խայտառակ եղա:
Բայց…բայց ԳԼՕ-ին մասնակցելուց հետո հասկացա, թե ինչքան բան կար, որ ես չգիտեյի, բայց ճամբարում ես <<խայտառակ>> չէի լինում, ընդհակառակը՝ ուրախ էի, որ կարող եմ չիմացածներս իմանալ, իմացածներս՝ ընդլայնել, և այդպես շարունակ:
ԳԼՕ ճամբարը ինձ համար մի հեքիաթային դրախտ էր, որտեղ ապրում էր մեր հեքիաթային ընտանիքը, որտեղ ամեն ինչ այնքան հեշտ էր, այնքան գեղեցիկ, այնքան մատչելի ու գրավիչ:
Ճամբարը ինձ շատ գիտելիքներ տվեց և օգնեց գտնեմ իմ ԵՍ-ը և այն կատարելագործեմ էլ ավելի: Սովորեցրեց մի շարք մեթոդներ, որոնք կարող եմ կիրառել առօրիայում գիտելիք ձեռք բերելու համար:
Օգնեց լինել ինքնավստահ, ինքնահաստատված և արտահայտվել առանց կաշկանդվելու, որը ինձ համար առաջնային խնդիր էր՝ մինչև ԳԼՕ-ին մասնակցելը:
Բայց ինչպես մնացած հեքիաթները՝ ԳԼՕ- հեքիաթը ևս իր տրամաբանական ավարտը ունեցավ՝ ցավոք: Ավարտվեց հեքիաթը, բայց մնացին հիշողությունները, որոնք կմնան հավետ, որպես լուռ վկան մի երջանիկ պատառիկի իմ կյանքից:
Հիշում և կարոտում եմ բոլորիդ հատ առ հատ, հատկապես մեր խմբի ավագ և կրտսեր ջոկատավարներին՝ Մանե Պապյանին և Աննային, ով մեր Սյունյաց աշխարհից էր:
Ու՜ֆֆֆ, էլ չհիշեցնե՛ք, թե ինչպիսին էի մինչև ԳԼՕ-ն: 

Գոհար Ավանեսյան
ԳԼՕ 2011 ամառային դպրոցի մասնակից
գյուղ Տաթև, Սյունիքի մարզ

***********************************************************************************

GLOW ամառային դպրոցից հետո  ինձ համար նոր կյանք սկսվեց : Հիշում եմ ինձ դրանից առաջ`ամաչկոտ ու անինքնավստահ տիպ էի: Մասնակցելով այս ծրագրին ես գիտեի, որ նոր բան կգտնեմ իմ մեջ` ես սպասում էի դրան:
Ու դա եղավ : Քիչ ժամանակ չի անցել այն օրվանից , ինչ ավարտվեց ամառային դպրոցի 2013թ.-ի շրջանը, որն իմ կյանքում բացեց նոր ընկերներով, նոր գիտելիքներով, նոր հաջողություններով, նոր ձեռքբերումներով նոր աշխարհ: Հիմա, երբ հետ եմ նայում հասկանում եմ, որ այն ամաչկոտ, անինքնավստահ աղջկանից մի քանի նշույլ է մնացել միայն:
Ամառային դպրոցի ամենասիրածս պահերը մեր փոքրիկ սենյակում անց կացրած ժամերն էին: Ես միշտ մտածում էի ,որ մեր ավագ ջոկատավար Արմինեն հոգեբան է ու գնում ենք հոգեբանի մոտ : Ու առհասարակ, GLOW-ի ողջ անձնակազմն էր հասկացող, բարի և կենսուրախ:
Ինֆորմացվելով տարբեր թեմաներից ես որոշեցի գիտելիքներս հաղորդել հասակակիցներիս, ինձնից փոքրերին ու մեծերին: Չեք կարող պատկերացնել, թե որքան դրականապես եմ լիցքավորվում ամեն անգամ, երբ սեմինարի, փոքրիկ զրույցի կամ ուղղակի մի քանի բառի միջոցով օգնում եմ դիմացինիս:
Երբ ավարտել էի իմ ծրագրաշատ ամառը, որոշեցի կազմակերպել առաջին սեմինարը:
Ընտրեցի Թրաֆիքինգ թեման, քանի որ մեր համայնքում ականատես էի եղել այդպիսի դեպքերի և ուզում էի, որ դրանք չկրկնվեն: Մեր դասղեկին դիմելուց հետո, իմացա, որ նա նույնպես ցանկանում էր որոշակի ինֆորմացիա հաղորդել մեզ այդ թեմայի շուրջ ու մենք համատեղեցինք մեր ուժերը :              
Ես առաջին անգամ չէի կազմակերպում սեմինար, բայց դա տարբերվեց…հիմնականում քննարկեցինք մեր համայնքում տեղի ունեցածը և հասկացանք, ինչպես պայքարել դրա դեմ:
Ժամանակի սղության պատճառով միշտ չէ, որ ցանկությունները իրականանում են: Ես ցանկանում էի ճամբար կազմակերպել (իմ աչքի առաջ ունենալով կրտսեր ջոկատավար Անուշ Պետրոսյանին), բայց չկարողացա համատեղել սկսածս բոլոր ծրագրերն ու հրաժարվեցի այդ մտքից: Անկեղծ ասած, մի քիչ կոտրվեցի…Սակայն հիշելով այն ուրախ օրերը, որ անց էի կացրել GLOW-ում ու դրանք նորից վերապրելու միտքը ինձ նորից ոգևորեցին: Երբ կարծես, թե թեթևացել էի ու ժամանակս կարողանում էի ճիշտ տնօրինել  կազմակերպեցի հաջորդ սեմինարը:
Հետաքրքիրն այն է, որ իմ սեմիարների թեմաները չէի ընտրում իմ ցանկությամբ, այլ ընտրում էի այնպիսի թեմաներ, որոնց մասին քիչ տեղեկություններ ունեին մեր համայնքում:
Այս անգամ անդրադարձա Մարդու իրավունքներ թեմային: GLOW-ից հետո մասնկացել էի Ծաղկաձորում կազմակերպված Մարդու իրավունքների և առաջնորդության ամառային դպրոցին և համակարգելով այս երկու դպրոցներից ստացած գիտելիքներս, պատրաստեցի պրեզենտացիա այդ թեմայով: Քննարկեցինք բոլոր մանրամասները`
Սահմանադրության հոդվածներով , օրինակներով, անդրադարձա նաև Բանակն Իրականում նախաձեռնությանը, որը անմիջական կապ ուներ իմ թեմայի հետ: Քննեցինք մեր համայնքում կատարված սպանություններ, իրավունքների խախտման դեպքեր:
3-րդ սեմինարը կազմակերպեցի համագործակցելով GLOW 2011-ի մասնակից Գոհար Ավանեսյանի հետ: Միասին կազմակերպեցինք սեմինար Թիմային աշխատանք-ի և Առաջնորդության մասին:
Այս անգամ ևս պրեզենտացիայի միջոցով սովորեցինք, թե ինչպես են դառնում լավ առաջնորդ, հանելուկ-նկարի միջոցով գտանք ,թե ով է առաջնորդը, համեմատեցինք ղեկավարին ու առաջնորդին և ամենակարևորը մենք մեր արածից բավականություն ստացանք:
Ահա ես  GLOW-ից հետո ` ակտիվ, կրեատիվ, առաջնորդող, ինքնավստահ, կյանքով լեցուն ու նոր գաղափարների համար պայքարող Լուսինե Պողոսյանս:

Լուսինե Պողոսյան

ԳԼՕ 2013 ամառային դպրոցի մասնակից
գյուղ Տաթև, Սյունիքի մարզ

Thursday, April 10, 2014

Սեմինար առաջնորդություն թեմայով

Ապրիլի 9-ին կազմակերպեցի  սեմինար առաջնորդություն թեմայով: Սեմինարը կրկին կայացավ դպրոցի աշակերտական խորհուրդի աշակերտների հետ: Մասնակիցները շատ ուրախ էին, որ սեմինարի թեման  առաջնորդություն էր: Նրանք շատ

ակտիվ էին խաղերի ընթացքում: Խաղերը ընտրել էի ամառային դպրոցի մասնակցի գրքույկից: Առաջին խաղը՝ Փրկություն: Խաղի կանոնները կարդալուց հետո սկսեցինք խաղը: Մասնակիցները ակտիվորեն խաղում էին խաղը, մեկը մյուսին օգնելով վորպեզի կարողանային հաղթահարել դժվարությունները, և ամենակարևորը այն է առանց կոնֆլիկտների: Նաև եղան պարտություններ, բայց նրանք չէին հուսալքվում: Երկրորդ խաղը՝ Խճճված ձեռքեր: Ցուցումները կարդալուց հետո սկսեցինք խաղը: Սկզբում մասնկիցները առաջադրանքը կատարեցին  առանց  առաջնորդի: Առանց առաջնորդի մասնակիցները  լավ չխաղացին: Իսկ արդեն առաջնորդի օգնությամբ (առաջնորդը ես էի) խումբը ավելի արդյունավետ և արագ էր գործում:

Սաթինե Սաքանյան
ԳԼՕ 2013 շրջանավարտ
http://satine25.blogspot.ca/2014/04/blog-post.html?spref=fb 

Սեմինար թրաֆիկինգ թեմայի շուրջ

Բարև ձեզ:Ես Սաթինե Սաքանյանս ապրիլի 5-ին կազմակերպեցի սեմինար քննարկում թրաֆիկինգի մասին: Սեմինարը կայացավ դպրոցի աշակերտական խորհուրդի աշակերտների հետ: Սկզբում աշակերտներին հարց տվեցի, թե ինչ են հասկանում թրաֆիքինգ ասելով , աշակերտները պատասխանեցին հարցին իրենց գիտելիքների չապով:Եվ ես նույնպես իմ տված հարցին պատասխանեցի: Քննարկեցինք ՄԱԿ-Ի որոշումը: Խոսեցինք  կանանց,երեխաների, տղամարդկանց թրաֆիքինգի մասին: Քննարկեցինք ինչպես պետք է զգուշանանք որպեզի թրաֆիքինգի զոհ չդառնանք: Կարդացինք պատմություններ թրաֆիքինգի զոհերի մասին: Քննարկեցինք պատմությունները: Մանակիցները քննադատում էին հերոսիներին, և իրենք լուծումների տարբերակներն էին առաջարկում: Աշակերտների կողմից հնչեցին շատ հարցեր և ես իրենց բոլոր հարցերի պատասխանեցի: Սեմինարից նրանք շատ գիտելիքներ վերցրեցին դա երևաց արդեն սեմինարի վերջում, երբ նրանք պատասխանեցին իմ տված բոլոր հարցերին:

Սիրով՝ Սաթինե Սաքանյան
ԳԼՕ 2013 ամառային դպրոցի շրջանավարտ

Sunday, April 6, 2014

ԳԼՕ-ն ինձ համար

 ԳԼՕ ամառային դպրոցը ինձ համար կյանքի դպրոց է։ Ճամբարից մնացած բոլոր հիշողությունները վայրկյան առ վայրկյան իմ մտքերում են և միշտ կմնան։      
                                                       Գլօ ճամբարը
                                                       Կյանքի դպրոց է,
                                                       Այնտեղ ամեն օր
                                                       Անցնում էր ուրախ։
                                                       Սկզբում ծանոթներ,
                                                       Հետո ընկերներ,
                                                       Ուրախ և զվարթ
                                                       Անցնում էին օրեր։
                                                       Եկել էր պահը
                                                       Հրաժեշտ տալու,
                                                       Արցունքոտ աչքերով
                                                       Հեռանում էինք՝
                                                       Տանելով մեզ հետ
                                                       Շա՜տ գիտելիքներ։


Սաթինե Սաքանյան
ԳԼՕ 2013 շրջանավարտ

Monday, March 24, 2014

Սեմինարներ է կազմակերպում Սաթինե Սաքանյանը

Սաթինեն Լոռու մարզի Բազում համայնքից է: Որպես ԳԼՕ 2013 ամառային դպրոցի շրջանավարտ, նա անմիջապես ձեռնամուծ եղավ տարեկիցների կրթության սեմինար կազմակերպել տարածելով իր ձեռք բերած որ հմտությունները և գիտելիքները: Տպավորություններով նա կիսվում է իր բլոգում՝ http://satine25.blogspot.ca/:
"Օգոստոսի 24-ին ես գենդերային հավասարություն թեմայով սեմինար -քննարկում կազմակերպեցի, որպեսզի ԳԼՕ ամառային դպրոցում ձեռք բերված իմ գիտելիքները փոխանցեմ իմ հասակակիցներին: Մասնակցական խաղի միջոցով մասնակիցները ծանոթացան միմյանց հետ: Այնուհետև ինտերակտիվ մեթոդներով ներկայացրեցի գենդերային հավասարությունը, որը ընթացքում մասնակիցները ակտիվ քննարկում սկսեցին: Կարծիքները բազմազան էին և հետաքրքիր: Բոլոր մասնակիցները  ունեին իրենց առանձնահատկությունները, մտածելակերպը, գենդերային հավասարության վերաբերյալ իրենց հասկացողությունները: Մասնակիցներին ցույց տրվեց կարճամետրաժ ֆիլմ,  որտեղ ներկայացված էին գենդերի բոլոր ճյուղերը: Ֆիլմից հետո  մի փոքր քննարկեցինք  ընտանեկան բռնությունը որպես երևույթ, ինչպես նաև կանանց ու  աղջիկների առևտուրը":

Հաջորդ սեմինարը՝ փետրվար ամսին, կոնֆլիկտներ թեմայի շուրջ էր:
"Քննարկեցինք, թե ինչ է կոնֆլիկտը, կոնֆլիկտների առաջացման պատճառները, տեսակները և արձագանքելու ոճերը; Կազմակերպեցի հետաքրքիր մի խաղ՝ կոնֆլիկտների լուծման մեթոդներին ուղղված: Սեմինարին նաև ներկա էին ուսուցիչներ, որոնք մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում ներկայացվող նյութին":

 Երրորդ սեմինար-քննարկումը տեղի ունեցավ մարտի 7-ին: Թեման առողջություն, առողջ ապրելակերպ, առողջարար սնունդն էր:


"Սեմինարը կայացավ դպրոցի աշակերտական խորհուրդում ներգրավված աշակերտների հետ: Ներկա էր նաև խորհրդի ջոկատավարը: Սկզբուն խոսեցինք առողջ լնդերի և ատամների մասին: Ապա քննարկեցինք սննդակարգի ափսեն և անհրաժեշտ սննդամթերքների քանակը: Խաղային մեթոդով մասնակիցները առանձնացրեցին ներկայացված սնունդներից առողջարարը և ոչ առողջարարը և աղյուսակի տեսքով ներկայացրեցին իրենց աշխատանքը: Հաջորդ առաջադրանքի ժամանակ մասնակիցները պիտի դասավորեին տրված ուտելիքները ըստ սննդի խմբերի, ապա գրեին իրենց սիրելի ուտելիքները և նրանք էլ բաշխեին ըստ համապատասխան սննդախմբերի: Քննարկման հաջորդ մասում խոսեցինք ջրի կարևորության մասին:"