Monday, August 10, 2015

Հեքիաթ, որը չավարտվեց



Հեքիաթ, որ չավարտվեց, այլ մնաց մեր սրտում որպես անշեջ մի կերոն:



Հեթիաթ, ուր արքայադուստրերը սովորում են լինել ուժեղ և անկախ:


Հեքիաթ, ուր մենք հաղթում ենք ինքներս մեզ:


Հեքիաթ, որտեղ հաղթում են բոլորը...

Sunday, August 9, 2015

Անցուդարձ ԱՐՔՈՒՆԻՔԻՑ

Օգոստոսի 8, 2015թ....Ստեփանավան...
Այս առավոտ Լոռի աշխարհի Ստեփանավան քաղաքում Արքանե արքունական պալատում օրը սկսվեց մարզումով: Արքայական նախաճաշը վայելելուց հետո, նրանց սպասվում էր հագեցած ևս մեկ օր: Թագավորական խորհրդի օրակարգում կարևորվել էր դեռատի արքայադստրերի հասարակական գործունեությանն և կարիերային վերաբերող հիմնահարցերը: Որպես ապագա թագաժառանգներ և մեծ արքունիքի առաջնորդներ՝ ծանոթացան ծրագիր գրելու հիմնական կառուցվածքին և ծրագիր մշակելու հմտությանը, կամավորության հիմունքներին, զանգվածային առցանց բաց դասընթացի հնարավորություններին, հասակակցի կրթության կարևորությանը:

Օրն ավարտվեց պալատական խնջույքով. երգուպար, ասմունք,  անհամար սելֆիներ ու լուսանկարներ ...




Նաթելա Նավասարդյան
Լուսինե Վարդումյան

Saturday, August 8, 2015

Ժպտացեք՝ նկարում եմ

Ասեք «ժարիտ»՝ նկարում եմ... Էլ ի՞նչ «Արքանե» առանց արքայական նկարների: Օրն սկսվեց լուսանկարվելով: Երևի չասեմ, թե ինչքան էինք սիրունացել նկարվելու համար: Պատկերացրեք մի նկար, որում մարդկանցով թագ է պատկերված, բայց նկարի ամենագրավիչ մասը պայծառ դեմքերն են:
Քանի որ օրվա թեման բնապահպանությունն էր, նկարներից ու սելֆիներից հետո ուրախ ավտոբուսներով ուղևորվեցինք Դենդրոպարկ՝ բնությանը մոտ լինելու և այն ավելի լավ զգալու: Այստեղ աղջիկները շրջեցին արգելոցում, ծանոթացան նրա պատմությանը և բուսատեսակներին, ինչպես նաև՝ ջրի ֆիզիկական հատկությունների թեստ արեցին: Իհարկե, թեստից առաջ, ընթացքում և հետո նկարներն ու սելֆիները շարունակվում էին: Բնությանը մոտ լինելն օգնում է իսկապես սիրել այն:
Օրվա երկրորդ կեսին դասընթացներ անցկացվեցին առողջ սննդի, սեռական առողջության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմաներով: Ոմանք որոշեցին հրաժարվել իրենց սննդային վնասակար սովորություններից: Իսկ որքանո՞վ կստացվի, հետո կիմանանք: Առաջին քայլն արված է՝ որոշված է: Սեռական առողջության թեմայով քննարկման ընթացքում հարցերի տարափ էր: Աղջիկներն իրենց հուզող հարցերի պատասխանները ստացան: Ինչպես իրենք են ասում՝ այս օրը հագեցած էր նոր տեղեկություններով:

Հ.Գ. Չնայած զբաղված երեկոյին, մեկ է, չմոռացանք նկարվելու մասին:

Լիլիթ Հակոբյան

Friday, August 7, 2015

‹‹Արքանե›› անառիկ ամրոցի հուշագիրը

‹‹Արքանե›› պալատական ամրոցի քարե պատերից ներս թևածում է աննկարագրելի հրճվանք, խինդ ու կորով, սեր ու ջերմություն: Արքունյաց պալատում հետզհետե օրերն ավելի են թեժանում՝ նպաստելով արքայադստրիկների և դասընթացավարների միջև առավել սերտ փոհարաբերությունների հաստատմանը, փոխըմբնմանը: Ահա ևս մեկ օր էլ եկավ ու անցավ՝ հավերժանալով կայսերական մագաղաթների դարավոր շտեմարանում:
‹‹Արքանե››-ում չորրորդ օրը բավական հագեցած էր ու տեղեկատվական: Սովորության համաձայն գեղանի օրիորդներից ոմանք իրենց օրը սկսեցին մարմնամարզությամբ, մյուսները հաճախեցին յոգայի, մնացածները՝ վազքի և ազգագրական պարերի:
Այնուհետև աղջիկները  մի շարք քննարկումներ իրականացրին մարդու իրավունքների, գենդերային դերերի, ընտանեկան բռնության և թրաֆիքինգի մասին: Օր օրի այս զարմանահրաշ աղջիկները հարստացնում են իրենց գիտելիքների պաշարը, ձեռք են բերում նոր փորձառություն, իրենց բացահայտում են տարբեր իրավիճակներում՝ դրսևորելով մարդկային արժեքավոր որակներ:
Այս հեքիաթային օրը եզրափակվեց ստեղծագործական երեկոյով, որտեղ հեզաճկուն նաիրուհիները առիթ ունեցան ներկաներին զարմացնել իրենց բազմաշնորհ կարողություններով ու հմտություններով: 
Արքունական ամրոցի պերճաշուք պատուհաններից ներս են սողոսկել գիշերային լուսատուի արծաթափայլ շողերը: Աստղազարզ գիշեր է, շուրջբոլորը՝ մեղմ ու եթերային լռություն, որը, սակայն, մերթ ընդ մերթ ընդհատվում է արքունյաց թիկնազորի խրոխտ ոտնաձայններից, ովքեր անձնվիրաբար հսկում են վսեմաշուք պալատի չքնաղ գեղեցկուհիներին:

Այժմ կարծես թե ամեն ինչ կարգին է, ժամեր անց նորից կմեկնարկի հերթական լուսաբացը՝ ազդարարելով նոր բացահայտումների ու ձեռքբերումների սկիզբը:


Ալմիրա Նիկողոսյան  

Thursday, August 6, 2015

Առողջ հոգի առողջ մարմնում

Առողջ հոգի առողջ մարմնում...Արքունական տան ազնվականության գրավականը:
Փրկության թունել, թունավոր սարդոստայն, փրկել թագավորին, կոկորդիլոսներով լի գետ...փորձությունների մի ամբողջ շարք, որ սպառնում էր պալատական անձնակազմին: Աղջիկները պետք է անեին, թերևս, իրենց առաջին քայլերն, իբրև առաջնորդներ: Որպես սկսնակներ՝ նրանք բավականին հմուտ էին  և ունեին թիմում գործելու  և հաջողության հասնելու մեծ շնորհք: Իսկ օրվա վերջում ծրագրի հիմնական թեմաներից մեկն՝ առաջնորդությունը, նրանց համար բացահայտված էր:
Աղջիկները հնարավորություն ունեցան սովորել խոսքի ճիշտ կառուցման և մատուցման հմտությունները: Իրենք իրենց համար բացահայտեցին, թե ինչ է միջանձնային կոնֆկիկտը, ինչպես հնարավորինս խուսափել, իսկ պետքն եղած դեպքում ճիշտ  լուծում տալ հարցին: Հատկապես տպավորիչ է նրանց փոխզիջման գնալու պատրաստակամությունը:

Հագեցած ու էմոցիոնալ օրվա ավարտը չէր կարող տաղանդներ չբացահայտել: Տաղանդների բազմազանություն, որը կզարմացներ ցանկացածին՝ գորգագործությունից մինչև խաղաքարտերով հնարքներ, ֆիլմեր, նկարներ, ուրախ երգ ու պար... Չնայած Լոռվա բնության անակնկալներին՝ հորդառատ անձրև, ամպրոպ, կայծակ և հոսանքի բացակայություն, արքունիքում շարունակվում էր տիրել բարձր տրամադրությունն ու խրախճանքը:

Նաթելա Նավասարդյան
Նարինե Մարգարյան

Wednesday, August 5, 2015

Ճանաչեք ձեզ, սիրեք ձեզ




Այսօրվանից առողջ ենք ապրում և սովորում՝ զվարճանալով: Առավոտյան ժամը 8-ին «Արքանե» արքունիքի բնակիչներն արդեն պատրաստ էին մարմնամարզության և օրվա բոլոր նորությունների համար: Իսկ նորություն՝ ինչքան ասես: Այսօր մասնակիցների ամենամեծ բացահայտումը հենց իրենք էին, քանի որ օրվա թեման ինքնաճանաչումն էր:
            «Մինչև քեզ լիովին չբացահայտես, չես սիրի ...»,- համոզված է «Արքանե» ամառային դպրոցի մասնակիցներից Էլենը: Աղջիկները տարբեր վարժությունների միջոցով ինքնավերլուծություն կատարեցին, ավելի շատ բան իմացան միմյանց մասին և կարծես թե ավելի շատ սկսեցին սիրել միմյանց J
Օրվա առանցքային թեմաներից մեկը՝ թիմային աշխատանքը, շարունակվեց երեկոյան «Գանձերի որս» խաղով, որն աղջիկներին այնքան ոգևորեց, որ կասկածում եմ, թե հետո հեշտ կքնեին: Ականջի ծայրով մի քանի անգամ լսեցի, որ ուզում են իրենց լեզվով ասած՝ «գիշերանոցային խնջույք» (պիժամա փարթի) կազմակերպել, բարձակռիվ անել ու էլի աստված գիտի, թե ինչ: Կմիանայի նրանց գժություններին…

            Ինչևէ, աղջիկները սենյակներում են, լույսերն անջատված են: Նշանակում է՝ վաղվան պատրաստվելու ժամանակն է: Այստեղ չես նկատում, թե ինչպես է մի օրը մյուսով փոխվում, ոնց է վաղը գալիս ու վերջանում այսօրը: Այստեղ ժամանակը սուբյեկտիվ է հոսում:

Լիլիթ Հակոբյան

Monday, August 3, 2015

Մուտք դեպի հրաշքների թագավորություն

«Արքանե»  աղջիկների առաջնորդության ամառային դպրոցը բացեց իր թագավորության դարպասները Հայաստանի տարբեր ծայրերից ժամանած աղջիկների համար:
Հայոց աշխարհի դինաստիաների անուններ կրող պալատներում մեր փոքրիկ արքայադստրերին էին սպասում ամառային դպրոցի դասընթացավարները՝ «Արքանե» թագավորության փերիները:
«Կատրանե», «Բամբիշ», «Էրատո» և «OG Կեռան» հայոց թագուհիները դարձան մեր արքայադստրերի խմբերի անունները և կառաջնորդեն նրանց ամբողջ ընթացքում:
Կատրանե

Բամբիշ

Էրատո

OG Կեռան
 Երեկոյան խարույկի մոտ հավաքված աղջիկները հանձնեցին կրակին իրենց բնավորության բացասական գծերը և պայմանագիր կնքեցին խարույկի հետ, որ կհաղթեն իրենք իրենց...


Sunday, June 28, 2015

Առաջնորդություն

Այժմ ձեր դատին եմ հանձնում իմ վեցերորդ սեմինարը, որի թեման Առաջնոր­դությունն է։ Սեմինարին մասնակցում էին Մ Թավրիզյանի անվան քոլեջի առա­ջին կուրսի ուսանողները։ Սեմինարի ընթացքում քննարկեցինք առաջնոր­դության թեմաները, խոսեցինք մեր շրջապատում ներկա առաջնորդների մասին, ներ­կայացրինք մի քանի իրավիճակներ, որտեղ մասնակիցներն առաջ­նորդներ ունեին: Սեմինարն անցավ բարձր տրամադրությամբ, քանի որ մասնկիցներին հետաքրքում էր այդ թեման: Վերջում մասնակիցները հայտնեցին իրենց կարծիքները: Նրանք գոհ էին իրենց նոր ստացած գիտելիքներից ։
Լիլլիթ Գրիգորյան
16 տարեկան
Լոռու մարզ
Քաղաք Վանաձոր

Saturday, June 27, 2015

Առողջ ապրելակերպ



Կրկին բարև, ի´մ սիրելի GLOW։ Մարտի 30-ին կազմակերպեցի սեմինար Առողջա­պահություն թեմայով։ Սեմինարն անցկացվեց Վանաձորի՝ արվեստի քոլեջի առաջին կուրսի ուսանողների հետ՝ ֆիզկուլտուրայի ուսուցչուհու ներկայությամբ։ Սկզբում հարցրի մասնակիցներին, թե ինչու է սնունդը կարևոր մեզ համար, և ինչ ենք հաս­կանում առողջ ապրելակերպ ասելով։ Խոսեցինք սննդի խմբերի մասին, և սկսեցինք կառուցել ճիշտ սննդակարգի բուրգը։ Քննարկեցինք ջրի օգտակար հատկու­թյունները, մարմնամարզության տեսակները։ Սեմինարի վերջում խոսեցինք ծխախոտի և ալկոհոլի մասին՝ բացառելով դրանց կիրառությունը։ Կարծում եմ սեմինարի միջոցով մասնակիցները առողջ կապրեն:

Լիլլիթ Գրիգորյան
16 տարեկան
Լոռու մարզ
Քաղաք Վանաձոր