Wednesday, January 18, 2012

2011 Կրտսեր ջոկատավարներ

2011 Կրտսեր ջոկատավարներ


Անի Ղազարյան
Սյունիքի մարզ, քաղաք Կապան
Արցունքներով տուն ես վերադառնում GLOW-ից և անմիջապես լսում հետևյալ հարցերը. "Լա՞վ էր'', ''Կկարոտե՞ս'': Այս հարցերի պատասխանը կարող է լինել միայն մեկը՝ իհարկե, ա'յո:
2011 GLOW ամառային դպրոցը առանձնանում էր իր համ ու հոտով: Փոքր փայտե տնակներում համախմբվել էին 44 մասնակիցները և ջոկատավարները: Առաջին օրը ես նկատեցի մասնակիցների խաղաղ մթնոլորտը և քար լռությունը: Սակայն այդ նույն բանը ես չէի ասի վերջին օրվա մասին: Այդ 7 օրերը կամուրջ հանդիսացան աղջիկների համար: Նրանք շատ մտերմացան և համոզված եմ, որ կապը կպահպանեն նաև հետագայում: Ես անչափ ուրախ էի տեսնել, ինչպես են նրանք դառնում 44 համերաշխ  քույրեր:
GLOW-ի համար ընտրված էին ամենակարևոր թեմաները, որոնցից պետք է տեղյակ լինի յուրաքանչյուր մարդ, առավել ևս յուրաքանչյուր առաջնորդ: Մենք խոսեցինք ինքնաճանաչման, մարդու իրավունքների, գենդերի, առաջնորդության, կարիերայի,բ նապահպանության և առողջության մասին: Օրը հետաքրքիր դարձնելու համար անց էին կացվում նաև տարբեր խաղեր և երեկոյան միջոցառումներ: Մենք հնարավորություն ունեցանք նաև լինել Հայաստանի մեծությամբ երկրորդ բուսաբանական այգում:

Նշեմ,որ յուրաքանչյուր տարի ամառային դպրոցն ունենում է մի թեմա: Այս տարվա թեման էր "Ջունգլիները'', իսկ մենք ջունգլիի առաջնորդ կենդանիներն էինք: Մի յուրօրինակ ջունգլի...

Առաջին անգամ ես հոդված եմ գրում որպես կրտսեր ջոկատավար և հավաստիացնում եմ, որ ինձ համար մի հաճելի փորձություն և հնարավորություն էր ևս մեկ անգամ լինել GLOW-ում, սակայն այս անգամ այլ դերում: Կրտսեր ջոկատավար լինելը բավականին պատասխանատու և շատ անգամ ավելի հաճելի գործ է, քան դուք պատկերացնում եք: Պետք է լինել շատ ուշադիր մասնակիցների նկատմամբ `միևնույն ժամանակ զգացնել չտալ, որ դու տարբերվում ես կամ ավելի բարձր դեր ունես: Ես գտնում եմ, որ կրտսեր ջոկատավարի մյուս կարևոր նպատակն է ցույց տալ մասնակցին, որ դու միշտ պատրաստ ես օգնելու և աջակցելու նրան: Կրտսեր ջոկատավարը ունի նաև այլ պատասխանատվություններ, ինչպես օրինակ՝  միշտ պատրաստ լինել օգնելու ավագ ջոկատավարներին, կազմակերպել երեկոյան միջոցառումները, ինչպես նաև հոգալ մասնակիցների ժպիտների մասին:

Քիչ ժամանակ է անցել GLOW-ի ավարտից հետո, սակայն զգում եմ, որ կարոտում և փափագում եմ տեսնել բոլորին: Եվ փափագս փոքր-ինչ մեղմելու համար մտովի ճամփորդություն եմ կատարում դեպի այն հիանալի յոթ օրեր:

GLOW … Այս բառն արդեն այնքա՜ն հարազատ է դարձել...


Աննա Բալասանյան
Սյունիքի մարզ, գյուղ Վաղատին
Դեռ նոր եմ վերադարձել Ստեփանավանի GLOW ամառային դպրոցից, որտեղ ստանձնել էի կրտսեր ջոկատավարի պարտականություններ, բայց նորից ցանկանում եմ վերադառնալ այնտեղ և վերապրել հուլիսյան այդ օրերը:

Ողջույն, ես Աննա Բալասանյանն եմ: Նախորդ տարի մասնակցելով GLOW ամառային դպրոցին՝ ստացա նորանոր գիտելիքներ և վերադարձա ուն այն շարունակելու մտքով և իրագործեցի իմ պլանները՝ կազմակերպելով դասընթացներ և ակտիվ մասնակցություն ունենալով իմ համայնքում հասարակական աշխատանքներին:

Շատ էի ցանկանում կրկին լինել GLOW-ում և վերջապես լսվեց հեռախոսի ձայնը, և ես իմացա, որ ընտրվել եմ որպես կրտսեր ջոկատավար: Ուրախությանս չափ չկար:

Այս տարի ես եկա GLOW մեծ սպասելիքներով, բայց միևնույն ժամանակ պարտավորվածության մեծ զգացումով: Դա մի ուրիշ աշխարհ էր՝ իր վառվռուն գույներով, երեխաների ակտիվությամբ, և, իհարկե, թիմային աշխատանքով: Ինձ համար և հաճելի էր, և հետաքրքիր, քանի որ ես բացահայտում էր ինձ համար ճիշտը գնահատող, բարի ու տաղանդավոր մարդկանց: Չեմ կարող չնշել ավագ ջոկատավարներին, նրանց կատարած ահռելի աշխատանքը և տոկուն համբերատարությունը: Շնորհակալություն ձեզ, իմ սիրելի ջոկատավարներ: Այս ամենն էլ ես ստացա իմ ութ անմոռանալի և անկրկնելի օրերի ընթացքում:

Այս ամառային ճամբարը յուրօրինակ փորձաշրջան ու դպրոց էր ինձ համար, որը ես կրկին անցա ու լավ տպավորություններով վերադարձա տուն և մինչ օրս պատմում եմ իմ ընտանիքի անդամներին, հարևաններին, ծանոթներին մեր հետաքրքիր առօրյայի մասին: Արդեն իսկ մտածում եմ մի փոքրիկ ճամբար կազմակերպել մեր համայնքում, իսկ հարևան մոտակա համայնքում՝ դասընթացներ, որի ժամանակ կիրականացվեն բոլոր մեր կազմակերպած խաղերն ու միջոցառումները:

Մեկ անգամ ևս շնորհակալություն բոլորին. և՛ կազմակերպիչներին, և՛ ջոկատավարներին, և՛ անձնակազմին, և՛ մասնակիցներին, որոնց հետ ես նոր ծանոթություններ հաստատեցի:





No comments:

Post a Comment