Wednesday, January 18, 2012

ԳԼՕ աղջիկները ուսանում եմ ԱՄՆ-ում


ԳԼՕ աղջիկները ուսանում եմ ԱՄՆ-ում
Այս տարի GLOW շրջանավարտներից չորսը Հայաստանից ԱՄՆ ուսանելու մեկնող քսանվեց հայ երիտասարդներից են:  Նրանք ընտրվել են հարյուրավոր դիմորդներից՝ իրենց առաջնորդության պոտենցիայի, առաջադիմության և անգլերեն լեզվի իմացության շնորհիվ: ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ նրանք մեկ տարի կհյուրընկալվեն ամերիկյան ընտանիքներում և կուսանեն ամերիկյան դպրոցում: GLOW ծրագրի ղեկավար Լիլիթ Սիմոնյանը հարցազրույց կազմակերպեց աղջիկների հետ:

Հարց՝ Արդեն երկու ամիս է Միացյալ Նահանգներում եք: Պատմեք ձեր առաջին տպավորությունների մասին: Ինչպե՞ս եք հարմարվել նոր երկրում:

Աննա. Մինչ ԱՄՆ ժամանելը մասնակցեցի ՖԼԵՔՍ-ի լեզվական նախապատրաստական փուլին Մոլդովայում: Տարբեր երկրներից քսան աշակերտներ էին մասնակցում այս ճամբարին: ԱՄՆ ժամանելուց հետո առաջին շաբաթը շատ անսովոր էր, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր: Ինձ հյուրընկալող ընտանիքի հետ մասնակցեցի ընտանեկան ճամբարի, հանդիպեցի նոր մարդկանց: Առաջին ընկերներիս հետ այնտեղ ծանոթացա: Այնուհետև եկանք Մալթա քաղաք, որտեղ և բնակվում ենք: Արդեն երկու ամսից ավելի է այստեղ եմ: Ինքս զգում եմ, որ շատ եմ փոխվել: Հարմարվել եմ իրենց մտածելակերպին, որը շատ է տարբերվում հայկական մտածելակերպից: Այստեղ մարդիկ ազատ են, իրենց վարվեցողության կանոնները շատ տարբեր են: Դպրոցում դասերի ժամանակ կարող են քայլել, խոսել և ուտել: Բարևում են անծանոթներին և անմիջապես ընկերանում: Այստեղ շատ հեշտ է մարդկանց հետ շփվել և նոր ընկերներ ձեռք բերել: Մարդիկ սիրով ինձ օգնում են: Իրենց հետաքրքիր է, թե մենք ինչպես ենք ապրում Հայաստանում: Ոմանք կարծում են, թե մենք չգիտենք համակարգիչն ինչ է: Դասընկերներիցս մեկը հարցրեց. ՚ Դուք գրասեղաններ ունե՞ք դպրոցում: Իսկ ավտոմեքենաներ վարում ե՞ք՚:

Աշխեն. Հայաստանից մեկնել եմ հուլիսին: Աննայի հետ միասին ես էլ մասնակցեցի Մոլդովայի լեզվական նախապարտաստական ճամբարին:  Օրերը շատ հագեցած ու հետաքրքիր էին անցնում: Մոլդովայում արդեն իսկ ամեն ինչ անգլերեն լեզվով էր կազմակերպված:  ԱՄՆ ժամանելուց հետո կարծես թե ուրիշ մոլորակում լինեի:  Մի կողմից մշակույթի տարբերությունը, որն ամենադժվարն էի, մյուս կողմից՝ լեզվական խնդիրները: Չնայած Մոլդովայում անցած նախապատրաստական փուլին, մեծ դժվարությամբ էի հասկանում խոսակցական լեզուն: Երկու ամիս անց, կարող եմ ասել, որ հիմա ամեն ինչ հունի մեջ է մտնում:

Ժամանակի ընթացքում զգում եմ, որ սկսում եմ նմանվել այս երկրի բնակիչներին: Եթե անկեղծ լինեմ, ինձ դուր է գալիս ամերիկացիների ապրելակերպը: Նոր կյանքին հարմարվելու համար պարզապես ուժեղ կամք էր հարկավոր, որի շնորհիվ հիմա խնդիրներիս մեծ մասը լուծված եմ համարում:

Սյուզետա. Ավելի քան մեկ ամիս է ԱՄՆ-ում  եմ: Մեկ ամիս, որ շատ բաներ է փոխել իմ մեջ: Դարձել եմ ավելի պարտաճանաչ, պատասխանատու և ինքնավստահ: Այս ամսվա ընթացքում հասցրել եմ այնպիսի օրեր, որ ամբողջ կյանքում կհիշեմ: Բազմաթիվ նոր մարդկանց եմ հանդիպել, եղել եմ հրաշալի վայրերում, նոր ընկերներ ու նոր գիտելիքներ եմ ձեռք բերել: Ճիշտ է, երբեմն դժվարությունների եմ հանդիպել, խնդիրներ ունեցել, բայց դա բնական է: Առանց դրանց կյանքը ուղղակի անհետաքրքիր ու անիմաստ կլիներ: Յուրաքանչյուր դժվարություն օգնում է ինձ ավելի հասուն դառնալ:

Անի. Առաջին օրը, երբ ժամանեցի և հանդիպեցի ընտանիքիս, դեռ չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Նոր եմ սկսում հասկանալ, որ նոր միջավայրում եմ գտնվում: Շատ զարմանալի է որ հարմարվելու հետ կապված խնդիրներ չունեցա: Ամեն ինչ անցավ հարթ և խաղաղ:

Աշխեն. Առաջին ամսվա վերջին հետադարձ հայացք գցելով անցած երեսուն օրերի վրա, զգացի, թե ինչքան բան եմ հասցրել վայելել և ուրախ էր, որ դեռ տասնապատիկ անգամ ավելի ժամանակ ունեմ ԱՄՆ-ում: Օգոստոսին ընտանիքիս հետ գնացել էինք Ֆլորիդա նահանգ հանգստանալու:  Ութ տարբեր նահանգներ անցանք ճանապարհին: Ամենատպավորիչը Ատլանտյան օվկիանոսի ափն էր, որ սքանչելի էր: Ամեն կիրակի ինձ հյուրընկալող ընտանիքի հետ եկեղեցի ենք գնում: Հայկական ավանդական փախլավա պատրաստեցի ընտանիքիս համար: Բոլորը համտեսեցին: Մեր շունը թխվածքի բույրին չդիմանալով, մինչ մեր հաջորդ կտորը վայելելը հասցրել էր ամբողջ թխվածքը խժռել:

Հարց՝ Ինչպե՞ս է անցնում ձեր առօրյան:

Աննա. Իմ առօրյան այստեղ շատ զբաղված է անցնում, ինչպես և Հայաստանում էր: Առավոտյան դպրոց եմ գնում, այնուհետև վոլեյբոլի պարապմունքի: Հետո վերադառնում եմ տուն, տնային առաջադրանքներ կատարում: Գուցե միօրինակ հնչի, սակայն ամեն օրն ինչ որ նոր բան է կատարվում, ինչ որ փոփոխություն կամ նորություն: Ամեն կիրակի օր ընտանիքիս հետ գնում ենք կինոթատրոն: Ամենահետաքրքիր օրերը ընտանեկան ճամբարում անցան, նաև վոլեյբոլի թիմով քաղաքից դուրս մրցությունների մասնակցելն էր հետաքրքիր:

Անի. Իմ առօրյան սկսվում է ժամը 5-ին և շատ դժվար է այդքան վաղ արթնանալ: Օրվա մեծ մասը անց եմ կացնում դպրոցում: Դպրոցում լողի դասերի եմ հաճախում: Ամեն շաբաթ և կիրակի օրերին ընտանիքի հետ ինչ որ հետաքրքիր տեղ ենք գնում:

Սյուզետա. Ես էլ չափազանց հագեցած առօրյայով եմ ապրում: Գրեթե ազատ ժամանակ չունեմ, բայց յուրաքանչյուր վայրկյանն անցնում է ուրախ ու հետաքրքիր:

Աշխեն. Իսկապես այստեղ առօրյան շատ հետաքրքիր է անցնում: Իմ դպրոցը շատ մեծ է:  Հատկապես քիմիա առարկան եմ սիրում:  Ֆուտբոլի պարապմունքի եմ գնում: Այնտեղ շատ ընկերներ ունեմ: Մտադիր եմ նաև բասկետբոլի դասերի մասնակցել:





Հարց՝ Ինչո՞վ է տարբերվում դպրոցական կյանքը ԱՄՆ-ում հայկական դպրոցական առօրյայից:

Աշխեն.  Ինչ վերաբերում է դպրոցին, ամեն ինչ կարելի է ասել տարբերվում է: Այստեղ ուսուցիչների աշխատանքը շատ բարձր մակարդակի վրա է: Աովորելու համար բոլոր նախապայմաններն ունեն: Սակայն չէի ասի, թե դպրոցներն ԱՄՆ-ում ավելի լավ են: Ինձ դուր չի գալիս աշակերտների վերաբերմունքը ուսուցմանը: Այստեղ աշակերտները ազատ են հագուստի ընտրության հարցում: Դասերի ժամանակ աշակերտները կարող են ուտել, երաժշտություն լսել, հաղորդագրություններ ուղարկել: Շատերը տարված են միայն ինտերնետով: Իմ կարծիքով, մեծ մասին չի հետաքրքրում իրենց պատմությունը, գիտելիքի ձեռք բերումը: Հայաստանում մենք սովորում ենք, լսում ենք, փորձում ենք ընկալել և օգնել միմյանց, բայց այստեղ նման բան չկա: Սկզբում դպրոցում դասերի հետ կապված խնդիրներ ունեցա, բայց կարողացա կարճ ժամանակում զարմացնել ուսուցիչներին բարձր առաջադիմությամբ:

Աննա. Իրոք դպրոցները նույնպես շատ են տարբերվում: Այստեղ կարող ես ընտրել այն առարկաները, որոնք ուզում ես սովորել: Տնային առաջադրանքները սովորաբար քիչ են լինում: Այստեղ ոչ թե ուսուցիչներն են դասասենյակները փոխում տարբեր դասերի ժամերին, այլ աշակերտները:

Անի. Դպրոցական կյանքը լիովին ուրիշ է: Ամենամեծ տարբերությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր աշակերտ ունի իր փոքրիկ պահարանը (կատակելով ժպտում է Անին) և ձմռանը մեզ նման իրենց վերարկուները քարշ չեն տալիս: Հետո առարկաները ընտրելու հնարավորություն են տալիս:

Սյուզետա. ԱՄՆ-ում դպրոցական կյանը բավականին տարբեր է Հայաստանի դպրոցական կյանքից:  Համաձայն եմ աղջիկների հետ, որ կարևոր տարբերություններից մեկն այն է, որ կարող ես ընտրել առարկաները, դրանց դժվարության մակարդակները և այլն: Իմ կարծիքով այստեղ ավելի հեշտ է սովորել, քան Հայաստանում, բայց ինձ դուր է գալիս Հայաստանի կրթական համակարգը, որովհետև այն աշակերտին ավելի մեծ գիտելիքների պաշար է տալիս, բազմակողմանի է կրթում: Ամերիկյան դպրոցներում ինձ դուր է գալիս ակումբների և սպորտի առկայությունը:

Հարց՝ Այս տարի ՖԼԵՔՍ ծրագրով ընտրված 26 հայ աշակերտներից չորսը GLOW ամառային դպրոցի մասնակիցներն են: Ինչպե՞ս GLOW-ն ձեզ օգնեց պատրաստվել և հաջողության հասնել ՖԼԵՔՍ-ի ընտրական փուլերում:

Աշխեն. Ես ՖԼԵՔՍ ծրագրի մասին իմացա GLOW ամառային դպրոցի ժամանակ, երբ Ամերիկյան Խորհուրդների ներկայացուցիչներն այցելեցին մեզ և պատմեցին ծրագրի մասին: Չնայած որ ծրագիրը շատ հավանեցի, բայց նաև վախենում էի, քանի որ մեկ ամբողջ տարի էր տևողությունը: Նաև անգլերեն լեզվին այնքան էլ լավ չէի տիրապետում:  GLOW-ի ավարտից հետո սկսեցի ինքնուրույն պարապել: Մեր գյուղում բնակվող Խաղաղության Կորպուսի կամավոր Ջոսլինը ինձ օգնում էր, խորհուրդներ տալիս:  Հետո դիմեցի ՖԼԵՔՍ ծրագրին և ահա այստեղ եմ:

Աննա. GLOW-ն շատ մեծ նշանակություն ունեցավ իմ կյանքում: GLOW-ից ստացած գիտելիքներն ու փորձը ինձ շատ օգնեցին ՖԼԵՔՍ-ի ընտրական փուլերում և նաև այստեղ՝ դժվարությունները հեշտությամբ հաղթահարելու իմաստով:

Անի. GLOW-ն համարում եմ FLEX-ի փոքր տեսակը: Այն հնարավորութուն է տալիս ընտանիքից հեռու լինել և ինքդ քեզ փորձել:

Սյուզետա . GLOW ծրագիրը մեծ դեր ունի իմ հաջողության մեջ: Ինձ էլ ծրագրի ընթացքում ձեռք բերած գիտելիքները օգնեցին ավելի հեշտությամբ հաղթահարել ընտրական փուլերը: Եվ ոչ միայն ընտրական փուլերը: Այժմ դրանք օգնում են ինձ ավելի ճիշտ ապրել՝ ճիշտ սնվել, տարբերել օգտակարը վնասակարից, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ ավելի խորը մտածել հետևանքների մասին:

Հարց՝ Արդյո՞ք GLOW-ում ստացած գիտելիքներն ու փորձը օգնում է նոր երկրում, նոր դպրոցում հարմարվելուն և հաջողության հասնելուն:

Աշխեն. Ես GLOW-ում իմացա կանանց թրաֆիկինգի մասին և այստեղ օգտագործում եմ այդ գիտելիքները, որպես կամավոր հանդես գալով  օգնում եմ աղջիկներին, իրենց պատմում թրաֆիկինգի մասին:

Աննա. GLOW-ում կազմակերպված միջոցառումները ինձ ավելի ինքնավստահ են դարձրել, տարբեր ուսուցողական խաղերը տարբեր գիտելիքներ են հաղորդել, որոնք հիմա ինձ օգնում են հեշտ հարմարվել նոր իրավիճակին, նոր ընկերներիս հետ շփվելիս և նոր մարդկանց հետ ծանոթանալիս:  Նախկինում կաշկանդվում էի նոր մարդկանց հետ շփվելիս, իսկ հիմա ազատ կարողանում եմ շփվել բոլորի հետ և ունեմ շատ ընկերներ:

Անի. Այո, GLOW-ից հետո զգում եմ, որ ավելի ինքնուրույն եմ դարձել: Յուրաքանչյուր թեմա ինչ որ տեղ օգտագործում եմ: Ես գտնում եմ, որ GLOW մասնակից բոլոր աղջիկներն էլ պիտի մասնակցեն ՖԼԵՔՍ-ին, եթե անգլերեն լեզվի բավարար գիտելիքներ ունեն և տարիքը համապատասխանում է, քանզի հավաստիացնում եմ, այն ավելի լավը կդարձնի ձեզ: Ընդամենը երկու ամիս է անցել և արդեն մեծ փոփոխություններ եմ զգում իմ մեջ: Սկսում եմ անգլերեն լեզվով մտածել և իրենց նման ապրել: Համենայն դեպս պահ է լինում, որ իսկապես կարոտում եմ հայրենիքս ու սկսում եմ իրենց պատմել իմ համայնքից, դպրոցից, ընկերներից ու մի խոսքով մերոնցից: Չզարմանաք, որ տարվա վերջում ամբողջ ԱՄՆ-ն տեղեկացված լինի Հայաստանի մասին:

Սյուզետա: Պարզապես երջանիկ եմ, որ ինձ այսպիսի հնարավորություն է ընձեռնվել: Ամեն ինչ ուղղակի հրաշալի է և համոզված եմ, որ լավագույնը դեռ առջևում է: Այստեղ անց կացրած յուրաքանչյուր վայրկյան թե ուրախության ու հաղթանակի, թե տխրության ու դժվարության պահին կերտում են իմ հաջող ու երջանիկ ապագան: Համոզված եմ:

Հաջողություն ձեզ Աշխեն, Աննա, Անի և Սյուզետա այս նոր ու հետաքրքիր տարվա ընթացքում: Սպասում ենք ձեզ հայրենիքում:



No comments:

Post a Comment