Saturday, August 15, 2015

Ես Հակոբյան Անահիտն եմ Գյումրիից (ինչպես ասում էին ընկերներս Լեննագանից), նաև այն երջանիկներից մեկը, ով 2015 թ. ամռանը մասնակցեց <<Արքանե>> ամառային դպրոցին ու դարձավ Արքանեի արքայադստրիկներից մեկը: Մեծ ուրախությամբ ու անասելի ոգևորությամբ ուզում եմ կիսվել իմ տպավորություններով ու ձեռքբերումներով: <<Արքանե>>` մի արքունիք, որտեղ կյանքն օր օրի փոխվում էր, որտեղ գիտելիքի անսահման հոսք էր, որտեղ միմյանց հանդեպ հարգանք ու սեր էր, համերաշխություն ու հոգատարություն, բարի ժպիտներ, յուրօրինակ անհատականություններ: Հիմա էլ ավելի եմ համոզվում, որ ես հայտնվել էի մի կախարդական ու հեքիաթային միջավայրում: Առաջին օրը ծանրաբեռնված էր, մի քիչ անսովոր ու առավել հետաքրքիր իր բնույթով. նոր ծանոթություններ, նոր աշխարհ, մի խոսքով ուրախ տրամադրությունը և տպավորությունները ապահովված էին: Երկրորդ օր. անսովոր էր արթնանալ մեկ այլ միջավայրում, տեսնել, որ քո անկողնում չես, շուրջդ այլ դեմքեր են, սակայն հետո սկսում ես վերհիշել ու հասկանալ ամեն բան: Օրվա բացումը կատարելուց հետո արդեն մեծ ոգևորությամբ սկսում էինք քննարկել օրվա թեման մեր իսկ փոքր խմբերում: Ահա այստեղ էր, որ սկսեցինք գնահատել մեկս մյուսիս, սովորեցինք թիմով աշխատել` մեր մեջ սերմանելով վստահության ու սիրո ներուժը: Երրորդ օր. ամենակարևոր թեմաներից մեկն էր այսօր գերակշռում` առաջնորդությունը: Ուսուցանող ու հետաքրքիր խաղերի միջոցով, խնդիրները հասկանալու, վերլուծելու շնորհիվ փորձում էինք հաղթահարել մեր առջև դրված բոլոր փորձությունները: Օրն հիշարժան դարձավ հատկապես տաղանդի երեկոյով: Չորրորդ օրն էլ մենք ներկայացանք մեր ստեղծագործական կարողություններով: Հինգերորդ օր. չեմ կարող չառանձնացնել այս օրը: Անսահման գիտելիք, նոր տեղեկություններ, բացահայտումներ, փորձեր, շրջայց բուսաբանական այգի, երազանքներ, ցնորքներ: Զգում էինք նաև, որ մեր յոթ օրերը քիչ-քիչ ավարտին էին մոտենում: Վեցերերդ օր. սովորականի պես օրը սկսեցինք ու հասկացանք, որ սա մեր վերջին լիարժեք օրն է <<Արքանեում>>: Այսօր քննարկելու էինք կամավորություն թեման, թերևս, սա այն թեմաներից մեկն էր, որ մեզ պետք էր գալու ամառային դպրոցից հետո, մեր դասընթացավարները նաև նշեցին ծրագիր գրելու, մասնագիտության ճիշտ ընտրության, ինչպես նաև մեր ճիշտ մենթորի ընտրության մասին: Սակայն այս երեկոն իր մեջ փոքր ինչ տխրություն ուներ, չէ որ վաղը գնալու էինք ու հեռանալու մեր սիրելի դղյակից: Օրը ամփոփեցինք`խոսելով ամբողջ շաբաթվա ձեռքբերումների, մեր ստացած գիտելիքների, հույզերի ու սպասումների մասին: Ցավոք սրտի, եկավ մեր ուղևորության օրը. նորից թախծոտ ժպիտներ, արցունքներ, անկեղծ զգացմունքներ, հետզհետե առաջ եկող կարոտ և ահա նորից ճամպրուկներ: Սակայն արդեն ոչ թե զարմացած ու ուրախ հայացքներ, այլ` տխուր, վայրկյան առ վայրկյան կորող ժպիտներ: Դժվար էր հեռանալ մի թագավորությունից, ուր տիրում էր ուղղակի կատարելություն: Նայում էինք մեկս մյուսիս ու մտածում` ինչքան ենք կարոտելու միմյանց: Հավատացե՛ք, այնքան դժվար էր հեռանալ արդեն հարազատ ու մտերիմ դարձած ընկերներից ու դասընթացավարներից: Շնորհակալ եմ բոլորին իրենց տված սիրո, անկեղծ վերաբերմունքի համար, շատ եմ կարոտելու իմ արքունիքը, իմ արքայադստրիկներին, իմ թագուհիներին… <<Արքանե>>` կյանքիս լուսավոր դրվագներից մեկը:
Անահիտ Հակոբյան
Շիրակի մարզ
քաղաք Գյումրի

No comments:

Post a Comment