Wednesday, August 12, 2015

Անմոռանալի յոթ օրեր

  
  Մի քանի օր է, որ ավարտվել է <<Արքանե>> աղջիկների առաջնորդության ամառային դպրոցը:

Ստեղծագործություն, հետաքրքրություն, հրաշալի մթնոլորտ, նոր գիտելիքներ, ազատությունԱյսպես էր անցնում մեր ամեն մի օրը: Հենց առաջին օրը` երեկոյանբացման խարույկի շուրջ, ջերմացրինք մեր հոգիները: Մենք հավատում էինք կրակի զորությանը, այդ իսկ պատճառով, կրակի մեջ այրեցինք մեր վատ սովորությունները:
   Եվ ահա առավոտյան նոր ուժով ու եռանդով սկսեցինք մեր աշխատանքը: Ասում են՝ մինչև քեզ չճանաչես, ոչինչ լավ անել չես կարող: Ինքնաճանաչմանն էր նվիրված մեր երկրորդ օրը: Բազմաթիվ խաղերի, քննարկումների, լսումների միջոցով մենք նորովի բացահայտեցինք ինքներս մեզ: Ներկայացնելով մեր լավ և վատ կողմերը և լսելով մյուսներին՝ առաջին քարը դրեցինք ամուր ընկերության ստեղծման պատին:

    Հիշվող էր նաև բնապահպանության օրը: Լոռվա հրաշք բնությունը իր մեղմացնող  ազդեցությունն էր թողել մեզ վրա: Այստեղ տեսանք բազմաթիվ ծառատեսակներ թե՜ Հայաստանի տարբեր մարզերից, թե այլ  երկրներից բերված: Կատարեցինք փորձեր ջրի թթվայնությունը ու ջերմաստիճանը որոշելու համար: Երազանքների փոքրիկ կամուրջի  վրա ավելացրինք մեր փափագն այն հույսով, որ մի օր կիրականանա: Տեսնելով այդ հրաշք բնությյունը, զգալով գեղեցկությունը, լինելով այդքան ծաղիկներով շրջապատված` չէինք կարող մի քանի հազար լուսանկար չանել: Իսկ վերջում վերադարձանք մեր այնքան հարազատ դարձած տունը:
 Ինքնաճանաչում, առաջնորդություն, գենդեր, մարդու իրավունքներ, բնապահպանությունՄեկ վայրկյանի նման անցան այս օրերը: Եվ ահա ծրագրի վեցերորդ օրն է, որը նվիրված է կամավորությանը: Օրը բավականին մոտիվացնող էր: Կրտսեր դասընթացավարները պատմում էին ծրագրից ստացած գիտելիքների մասին, ներկայացնում իրենց փորձը: Օրվա ընթացքում ծանոթացանք ծրագիր գրելու հմտություններին: Սակայն, օրը մի փոքր տարբերվում էր մնացածներից: Բոլորիս սրտերում անսովոր տագնապ էր հայտնվել: Մի՞թե այս ամենը կարող է ավարտվել, առավոտյան չենք արթնանա, դիմացինների ժպիտները տեսնելով, ուս ուսի չենք պարի ազգային պարեր:
  Սիրելինե՜րս, մեր ամեն գրկախառնության մեջ ես դրել եմ իմ սերը, իմ հոգին և գողացել ձերը: Աչքերիս առջևով ժապավենի նման անցնում են մեր հագեցած օրերը, ձեր ժպիտները, բաժանման արցունքները:

   Ի՜մ արքայադստրիկների թագավորություն, ի՜մ Արքանե, չեմ կարող առանց ժպիտի հիշել քեզ… 

Տաթևիկ Հարությունյան
Կոտայքի մարզ, 
քաղաք Հրազդան

No comments:

Post a Comment