Saturday, August 15, 2015

Ես չգիտեի, որ մեկ շաբաթն այսքան արագ է անցնում

Մեծ ոգևորությամբ լրացրի ամառային դպրոցի հայտը և անհամբեր սպասում էի արդյունքին: Չգիտեմ՝ այդ սպասողական շրջանն իսկապե՞ս այդքան երկար էր, թե ինձ այդպես թվաց, բայց հիշում եմ, որ մի գեղեցիկ օր, երբ ես արդեն հուսահատված փորձում էի մոռանալ դպրոցի մասին, զանգ ստացա և իմացա, որ հնարավորություն ունեմ լինել 40 մասնակիցներից մեկը: Չեմ կարող բառերով նկարագրել ուրախությանս չափը, թեպետ, այդ զգացողությունները նկարագրելու համար գեղեցիկ բառերն ավելորդ են, ես պարզապես գոռացի.  «Անցե՜լ եմ»:
     Վերջապես  եկավ երկար սպասված պահը: Երբեք չեմ մոռանա այն հայացքները, որոնք տեսա առաջին օրը: Բոլորի դեմքին հուզմունքի փայլ և անհանգիստ ժպիտ էին նկատվում: Խաղեր խաղացինք և միանգամից մտերմացանքՄեծ խումբ, փոքր խմբեր, դասեր, քննարկումներ ու խաղեր, որոնք անմիջապես դարձան իմ առօրյան: Կազմակերպիչներ, դասընթացավարներ և 40 տարբեր անհատներ. մենք բոլորով դարձանք մի մեծ ու հեքիաթային ընտանիք: Ընտանիք, որն իմ կյանքի մեկ շաբաթը ներկեց ծիածանի յոթ գույներով: Ջերմ մթնոլորտ ստեղծվեց հենց բացման խարույկի մոտ: Հետաքրքիր պատմություններ էինք պատմում, լսում մեր պալատական ընտանիքի ասմունքողներին և ինքնամոռաց երգում (նույնիսկ ես, որ երգել չգիտեմ): Մեր վատ սովորությունները թղթի վրա գրելով ու խարույկի մեջ նետելով՝ կրակի հետ «պայմանագիր» կնքեցինք: Ամեն առավոտ մի նոր ոգևորությամբ էինք արթնանում, գնում մարզվելու, պարելու և հետո սկսում մեր շատ հետաքրքիր դասերը, որոնցից սովորած գիտելիքներս, համոզված եմ, ինձ դեռ շատ կօգնեն կյանքում: Չգիտեի, որ իմ գլխում միանգամից կարող են այդքան շատ բաներ տեղավորվել: «Արքանեն» օգնեց, որ ինքս ինձ ավելի լավ ճանաչեմ, հաղթահարեմ իմ մեջ եղած խնդիրները, չթերագնահատեմ իմ կարողությունները և ինքս ինձ ավելի շատ սիրեմ: Ինձ համար շատ տպավորիչ էր այն պահը, երբ, հանրային խոսք ուսումնասիրելու ժամանակ, կանգնեցի փոքրիկ սեղանի վրա և, ուղիղ 1 րոպե խոսելու ընթացքում, ես ինձ պատկերացրի հասարակական ակտիվիստի դերում: Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ հասարակության առջև խոսելիս ես այլևս չեմ կարմրում: Եթե չլիներ «Արքանե» ամառային դպրոցը, ես, երևի թե, երբեք չէի փորձի հոդված գրել, բայց համոզված եմ, որ մի օր մեծ ընտանիքիս հետ կկիսվեմ իմ  հաջողություններով, որոնց հիմքը կհանդիսանա «Արքանեն»:

   Տաղանդի և ստեղծագործական երեկոները, «Գանձերի որսը», իմպրովիզներով ու հումորով հարուստ մոնո ներկայացումները, Դենդրոպարկում, փոքրիկ գիտնականների նման, մեր կատարած ուսումնասիրությունները և ամենակարևորները՝  դասընթացավարներն ու նոր ընկերներս, կմնան իմ հիշողության ամենավառ էջերում:

Սիլվիա Հակոբջանյան
Լոռու մարզ
քաղաք Ստեփանավան


No comments:

Post a Comment