Friday, August 7, 2015

‹‹Արքանե›› անառիկ ամրոցի հուշագիրը

‹‹Արքանե›› պալատական ամրոցի քարե պատերից ներս թևածում է աննկարագրելի հրճվանք, խինդ ու կորով, սեր ու ջերմություն: Արքունյաց պալատում հետզհետե օրերն ավելի են թեժանում՝ նպաստելով արքայադստրիկների և դասընթացավարների միջև առավել սերտ փոհարաբերությունների հաստատմանը, փոխըմբնմանը: Ահա ևս մեկ օր էլ եկավ ու անցավ՝ հավերժանալով կայսերական մագաղաթների դարավոր շտեմարանում:
‹‹Արքանե››-ում չորրորդ օրը բավական հագեցած էր ու տեղեկատվական: Սովորության համաձայն գեղանի օրիորդներից ոմանք իրենց օրը սկսեցին մարմնամարզությամբ, մյուսները հաճախեցին յոգայի, մնացածները՝ վազքի և ազգագրական պարերի:
Այնուհետև աղջիկները  մի շարք քննարկումներ իրականացրին մարդու իրավունքների, գենդերային դերերի, ընտանեկան բռնության և թրաֆիքինգի մասին: Օր օրի այս զարմանահրաշ աղջիկները հարստացնում են իրենց գիտելիքների պաշարը, ձեռք են բերում նոր փորձառություն, իրենց բացահայտում են տարբեր իրավիճակներում՝ դրսևորելով մարդկային արժեքավոր որակներ:
Այս հեքիաթային օրը եզրափակվեց ստեղծագործական երեկոյով, որտեղ հեզաճկուն նաիրուհիները առիթ ունեցան ներկաներին զարմացնել իրենց բազմաշնորհ կարողություններով ու հմտություններով: 
Արքունական ամրոցի պերճաշուք պատուհաններից ներս են սողոսկել գիշերային լուսատուի արծաթափայլ շողերը: Աստղազարզ գիշեր է, շուրջբոլորը՝ մեղմ ու եթերային լռություն, որը, սակայն, մերթ ընդ մերթ ընդհատվում է արքունյաց թիկնազորի խրոխտ ոտնաձայններից, ովքեր անձնվիրաբար հսկում են վսեմաշուք պալատի չքնաղ գեղեցկուհիներին:

Այժմ կարծես թե ամեն ինչ կարգին է, ժամեր անց նորից կմեկնարկի հերթական լուսաբացը՝ ազդարարելով նոր բացահայտումների ու ձեռքբերումների սկիզբը:


Ալմիրա Նիկողոսյան  

No comments:

Post a Comment